Գավառում շունը հարձակվել է 6-ամյա աղջկա վրա, քույրն ու եղբայրը հազիվ են հասցրել քրոջն ազատել
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Առավոտյան 08։40-ի սահմաններում Գավառ քաղաքի թիվ 3 մանկապարտեզի ճանապարհին թափառող շունը հարձակվել և վնասվածքներ է հասցրել 6-ամյա աղջկան։ Երեխան վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ երեխայի հայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Զորո Հովհաննիսյանն ասել է․ «Երկուշաբթի առավոտյան 6 տարեկան աղջիկ երեխայիս՝ մեծ քույրը, ով 10 տարեկան է և եղբայրը, ով 12 տարեկան է թիվ 3 պարտեզ ուղեկցելիս են եղել, երբ պարտեզին մոտ տարածքում, էլեկտրացանցի մոտ թափառող շունը հարձակվել է 6 տարեկան աղջկաս վրա և վնասվածքներ պատճառել։ Մեծ քույրն ու եղբայրը հազիվ են հասցրել քարերով վախեցնել շանը և իրենց քրոջը շան բերանից ազատել ու ամբողջովին արյունոտված տուն հասցնել։ Մենք էլ տարանք հիվանդանոց, մի քանի կար դրեցին ու տուն ճանապարհեցին։ Դիմել ենք Գավառի համայնքապետարան, մարզպետարան, բայց բոլորը ասում են, որ իրենք իրավասություն չունեն, պետք է դիմենք Շրջակա միջավայրի նախարարություն։
Սա գյուղում, ցավոք, առաջին դեպքը չէ։ Արդեն որերոդ անգամն է, որ թափառող շունը հարձակվում է մարդկանց վրա։ Հարևան գյուղերում էլ նման դեպքեր հաճախակի են հանդիպում։ Մենք դիմում ենք Շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի քայլեր ձեռնարկեն և վերջնականապես լուծեն այս հարցը։ Չենք ասում սպանեն շներին, այլ կարող են հավաքել և մի տեղ պահել։ Եթե այս անգամ դեպքը նման ավարտ ունեցավ, մյուս անգամ չենք կարող ասել ինչ ելք կունենա»։