Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննչական կոմիտե
A A
Հասարակություն

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ. երեք անձ կալանավորվել է

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քրեաիրավական պայքարը լայն թափով շարունակվում է։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, Ոստիկանության ծառայողների հետ սերտ համագործակցությամբ, բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով սինթետիկ և այլ բնույթի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ։  

2024 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ Վ.Կ-ին՝ իր կողմից վարվող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4.73 գրամ ընդհանուր քաշով թվով 7 փաթեթ և ծալովի դանակ. տղամարդու բանավոր հայտարարության համաձայն՝ հայտնաբերված փաթեթներում առկա զանգվածը «Կրիստալ»  տեսակի թմրամիջոց է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 396-րդ հոդվածի 2-րդ մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով Վ.Կ.-ն ձերբակալվել է:

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն. ըստ փորձագետի եզրակացության՝ փորձաքննության ներկայացված զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութ է:

Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, կասկածյալի բնակության վայրում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի մոտ 25գ. «Մեթամֆետամին» և մոտ 600գ. «Մաիրուխանա» տեսակի թմրամիջոցներ, էլեկտրական կշեռքներ, ինչպես նաև՝ թմրանյութերի իրացման համար նախատեսված տարբեր տեսակի պարագաներ։

Նախաքննության ընթացքում օպերատիվ տվյալներ են ստացվել խուզարկությամբ Վ.Կ.-ի մոտ հայտնաբերված թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ:

Մասնավորապես, ստացված տեղեկությունների համաձայն՝ Վ.Կ.-ին թմրամիջոց իրացրել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ Հ.Դ.-ն, ով, նախնական տվյալներով, 33-ամյա հարևանի՝ Ս.Կ.-ի հետ ստեղծելով հանցավոր խումբ, ձեռք  են բերել առանձնապես խոշոր չափերի հասնող, տարբեր տեսակի թմրամիջոցներ, դրանք պահել են իրենց բնակության վայրերում և այնտեղից էլ դրանք իրացրել: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այլ անձանցից բացի, Վ.Կ.-ն ևս պարբերաբար, օրվա տարբեր ժամերի այցելել է վերջիններիս՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու նպատակով` իր հերթին զբաղվելով թմրամիջոցների իրացմամբ։

Ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով, օրենքով սահմանված կարգով,  կատարվել են խուզարկություններ:

Արդյունքում՝ Հ.Դ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են 14 հատ 100 ԱՄՆ դոլարանոց առերևույթ կեղծ թղթադրամներ, Ս.Կ.-ի բնակության վայրում՝ առանձնապես խոշոր չափերի մոտ 300 գրամ «Մարիխուանա» և մոտ 20 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, էլեկտրական կշեռքներ, 122 հատ առերևույթ կեղծ 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամներ, ինչպես նաև՝ թմրանյութերի պատրաստման, օգտագործման և իրացման համար նախատեսված տարբեր պարագաներ։

2024 թվականի հուլիսի 18-ին Երևան քաղաքի Արշակունյաց և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից Ս.Կ.-ն, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալել և տեղափոխել է Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն գույնի յուրահատուկ հոտով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող 92.7 գրամ քաշով զանգված։

Հայտնաբերված թմրանյութերի վերաբերյալ նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Որոշում է կայացվել՝ նախաձեռնված քրեական վարույթները միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և ապացուցողական գործողություններ՝ հարցաքննություններ, նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ հայտնաբերված դրամական միջոցների կեղծ լինել կամ չլինելու հանգամանքը պարզելու նպատակով նշանակվել է դատանյութագիտական և դատափաստաթղթային համալիր փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ.Կ.-ին և Հ.Դ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ս.Կ.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված 3 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե