Օրացույց․ 22-ը հուլիսի․ «Ո՞վ է այն տղամարդը, որ պետք է հեղաշրջում անի Հայաստանում». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանն 1999-ի հուլիսի 22-ին 100 օրվա նախագահ է ու արդեն Հայաստանի սոցիալական կյանքում փոփոխություններ է տեսնում՝ չկան արգելված կուսակցություններ, կա ազատ մամուլ։ Ինքը ծանր ժառանգություն է ստացել նախորդ նախագահից, բայց վերահսկում է իրավիճակը: Այս նույն ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը համալրեց նաեւ հայ բանահյուսական լեզուն անդրադառնալով իրեն հեղաշրջման ճանապարհով նախագահի աթոռից հեռացնելու թեմային:
1999-ի հուլիսի 22-ին Հայաստանում է ռուս նորաձեւության ոճաբան Սերգեյ Զվերեւը։ Եկել է մասնակցելու կանացի առօրյա սանրվածքի եւ դիմահարդարման մրցույթին։ Մասնակիցներին արգելվում է օգտագործել ներկ, լաք եւ երեւակայություն։
Ռոբերտ Քոչարյանին առընթեր քաղաքական խորհրդի լուծարումն անհանգստացրել է նրա նախկին անդամներին, որոնք նախագահի ընտրություններում պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանին։ Նրանք որոշում են գործել ինքնուրույն «Միջկուսակցական սոցիալ-տնտեսական խորհուրդ» անվանումով եւ անմիջապես խորհրդում քննարկում են անասնակերի ավելացման վերաբերյալ մի նախագիծ, ըստ որի մեքսիկական մի բույսի օգնությամբ կարելի է կրկնակի արագ գիրացնել կովերին։
Նույն օրը Ազգային Ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը հայտարարում է, որ պետք է շտապ հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու սոցիալ-տնտեսական վիճակը ։ Բյուջեի ճեղքվածքը 40 տոկոս է, ահագնանում է սովի վտանգը, Հայաստանում սովից մարդ է կախվում։ Այս տագնապից մի քանի օր առաջ էր Գեղամյանի ղեկավարած խմբակցությունը զրկվել Ազգային Ժողովում եւ կառավարությունում իշխանական լծակներից։
1999-ի այս օրերին Հայաստանում է ամերիկյան «Ջեներալ Մոթորսը»։ Էկոնոմիկայի նախարար Արմեն Դարբինյանը ամերիկացի մեքենաշինարարներին վստահեցնում է, որ նրանք առանձնապես ռիսկի չեն դիմում Հայաստանում մեքենաշինական գործունեություն ծավալելով։ Առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարարը վստահեցնում է, որ «Ջեներալ Մոթորսի» բազայի վրա կարտադրվեն աղբի, աղբամշակման եւ շտապօգնության մեքենաներ։
Ղարաբաղի նախագահի դեմ մահափորձի մեղադրանքով ձերբակալված պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կալանավայրում հացադուլ է հայտարարել։ Դատախազությունը նրա հացադուլը որակել է սադրիչ եւ մտացածին։ Հացադուլով Բաբայանը պահանջում է իր գործը տեղափոխել Հայաստանի դատական համակարգի իրավասություն։ Դատախազությունը համաձայն չէ՝ որտեղ կատարվել է հանցագործությունը, այնտեղ էլ կընթանա դատավարությունը։ Այսինքն, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։
2002-ի հուլիսի 22-ին հատուկ հրամանագրով Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին զրկում է գեներալ – լեյտենանտի զինվորական կոչումից: Ի դեպ, Սահմանադրության 55 հոդվածի 16 կետի համաձայն նախագահն ունի միայն կոչումներով ու շքանշաններով պարգեւատրելու լիազորություն, իսկ եղած կոչումները ետ վերցնելու լիազորության մասին ՀՀ Սահմանադրության մեջ անգամ խոսք չկա:
2003-ի այս օրը ատավոտյան մահափորձ է կատարվում Երեւանի Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի նկատմամբ: Վնասվածքներ ստացած Սեդրակյանը տեղափոխվում է հիվանդանոց: Բժիշկների հավաստմամբ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Վերջինս վնասվածքներ է ստացել իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյունի արդյունքում։
2009-ի հուլիսի 22-ին 5 տարի առաջ բանտից ազատ արձակված Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կանխատեսում է նոր պատերազմ ։ Չնայած դրան, Բաբայանի կարծիքով անհեթեթ է Արցախը շրջապատող անվտանգության գոտու վերադարձն Ադրբեջանին:
Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանը, որը քաղաքական ապաստան ստանալուց հետո ապրում է Ամերիկայում, Հայաստան է վերադարձել պահանջելու համար 10 միլիոն դոլար ։ Վաղուց Հայաստանում չապրող այս մարդն ասում է, որ առ այսօր նրան հալածում է Հայաստանի թե իշխանությունւ եւ թե ընդդիմությունը։ Այս ամենը Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացված նրա հայցադիմումում կա:
2010-ի այս օրերին մեծ աղմուկ էր բարձրացրել Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի նկատմամբ կայացրած դատավճիռը, որով դպրոցի երեխաների հանդեպ բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարած մարդը դատապարտվեց երկու տարի ժամկետով։ Դեպքը բացահայտած բնապահպան Մարիամ Սուխուդյանն ասում է, որ ոստիկանությունը շարունակում է ճնշում գործադրել Լեւոն Ավագյանի զոհերի վրա, որպեսզի նրանք չբողոքեն։