Բացել լրահոսը Փակել լրահոսը
74
A A
Հասարակություն

Արցախցիներիս պարագայում սփոփանք կարելի է գտնել սիրած գործում առաջընթաց ապահովելով միայն. արցախցի ատամնաբույժ

2021 թվականին Ստեփանակերտում բացվեց Արսենյան ատամնաբուժական կլինիկան, որտեղ 10-15 մարդ էր աշխատում։ Չնայած նորաբաց էր, սակայն բարի համբավ էր վայելում և ուներ հաճախորդների մեծ բանակ։ «Հետպատերազմական բավականին դժվար և ծանր ժամանակաշրջան էր, սակայն անկախ նրանից, թե Արցախում ապագա ունենալու ենք թե չէ վճռել եմ ռիսկի գնալ` բավականին ներդրումներ կատարելով։ Ատամնաբուժարանը հագեցած էր նորագույն սարքավորումներով, ատամի խնդրի հետ կապված ցանկացած հարց տեղում լուծվում էր»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է ատամնաբույժ Արթուր Արսենյանը։

Բազմաթիվ հայրենակիցների պես ընտանիքով արհավիրքների միջով են անցել ու շարունակում են հաղթահարել պատուհասած դժվարությունները։ Երեք մանկահասակ երեխաների հայրն ասում է, որ սկզբնական շրջանում ամենադժվարը երեխաների համար էր։ «Առաջնահերթ երեխաների մասին էինք մտածում, քանի որ նրանց մանկական ուղեղը շատ նուրբ հարցերի պատասխաններ էր պահանջում։ Ու պետք էր կարողանալ գտնել պատասխաններ, որոնք շատ չեն ցավացնի։ Այդպես, քայլ առ քայլ գնում ենք դեպի ինտեգրում նոր իրողություններին։ Մենք էլ մեր հերթին փորձում ենք մեր երեխաների հաջողություններով սփոփվենք։ Ինքներս մեզ գոտեպնդում ենք, որ մեր մայր հայրենիքում ենք, աշխատում ենք ամուր կանգնել, չընկճվել»։ 2023 թվականի հոկտեմբերի 2-ից բժիշկ Արսենյանն իր մասնագիտությամբ աշխատանքի է անցել Երևանի ատամնաբուժական կլինիկաներից մեկում։

«Խիզախություն և վճռականություն էր պետք՝ այդքան դժբախտություններ տեսնելուց հետո չկոտրվել, այլև կրկին արարել, ստեղծել։ Ապագայում գուցե կարողանամ հասնեմ նրան, որ կրկին իմ կլինիկան կունենամ։ Որակավորման դասընթացների, սեմինարների, կոնֆերանսների եմ մասնակցում, անում եմ ամեն ինչ մասնագիտական կարողություններս ավելի զարգացնելու, իմ կարիերայի մեջ աճ ապահովելու համար։ Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, աշխատանքս կատարում եմ ամենայն պատասխանատվությամբ։

Դժվարին այս ժամանակահատվածում խորհուդ կտայի մեր հայրենակիցներին չկոտրվեն, այլ ավելի տեմպով և ուժով գիշեր-ցերեկ աշխատեն, զարգացնեն մասնագիտական կարողությունները, քանի որ մեր պարագայում սփոփանք կարելի է գտնել սիրած գործում առաջընթաց ապահովելով միայն»,-ասում է բժիշկը։ Բուժառուների պակաս չունենք՝ ասում է, նրանց մեջ մեծ թիվ են կազմում արցախցիները։

«Մշտական այցելուներից բացի գալիս են մարդիկ, ովքեր Արցախում չեն հասցրել մեզ հետ առնչվել։ Նրանցից յուրաքանչյուրին շնորհակալ եմ, քանի որ հաճախ բավականին հեռավորություն են հաղթահարում մեր կլինիկա հասնելու համար։ Այդ հանգամանքը նաև պարտավորեցնում՝ թևեր է տալիս նրանց համար ավելին անելու, ավելիի հասնելու համար»։ Նշաձող աշխատանքում չի սահմանում բժիշկ Արսենյանը։ Ատամնաբուժության մեջ կարևորություն է տալիս աշխատանքի ընթացքը էսթետիկական գեղեցկությամբ զուգորդելը։

«Անում եմ ամեն ինչ, որպեսզի բուժառուներիս սրտով լինի, իսկ կատարած աշխատանքս բնական տեսք ունենա։ Հորդորս է բոլորին հնարավորինս ճիշտ խնամք և հոգ տանել ատամների նկատմամբ։ Հայրենակիցներիս ոգու տոկունություն և առաջ նայելու ուժ ու կորով եմ մաղթում՝ հոգու խորքում հույս պահելով, որ մի օր ազգովի վերադարձնելու ենք մեր պապենական հայրենիքը»։

Անահիտ Պետրոսյաn