Բացել լրահոսը Փակել լրահոսը
85
A A
Հասարակություն

Ունենք հաճախորդներ, ովքեր Երևանի տարբեր թաղամասերից հասնում են մեզ մոտ՝ շաբաթվա գնումները կատարելու․ արցախցի

«Արցախում անհոգ էինք, ապահովված անհրաժեշտ ամեն ինչով։ Միակ մտահոգությունը կորսված հայրենիքն էր։ Ամուսինս՝ Արսեն Գարաքյանը, Ստեփանակերտի շուկայում էր աշխատում, ես երեխաների խնամքով զբաղվում։ Իմ պարտականությունները միայն երեխաների առօրյան կազմակերպելն էր»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Նանար Հովսեփյանը։

Տանջալից երկու օր գաղթի ճանապարհին՝ երեք մանկահասակ երեխաների հետ, երբ ուտելիքի սակավ պաշարներն ամբողջությամբ սպառվել էին՝ դաժան փորձություն էր․․․ «Մինչև հասանք Կոռնիձոր՝ վիշտ, տառապանք, հուզմունք միախառնված թվում էր ժամանակը կանգ էր առել։ Հանրային տրանսպորտով ենք եկել, միայն երեխաների շորերն ենք կարողացել վերցնել։ Սակայն մենք մեծապես ցավում ենք միայն մեր Հայրենիքի և սրբությունների համար, որ թողել ենք Արցախում։ Դա ամուսնուս մայրիկի, իմ հայրիկի գերեզմաններ են և այս անամոք ցավը մեր հայրենակիցներից յուրաքանչյուրինն է»,- ասում է զրուցակիցս։ Բազմաթիվ դժվարություններ հաղթահարած ամուսինները Երևանի Աջափնյակ թաղամասում են կարողացել բնակարան վարձել, այն էլ բավականին թանկ գներով՝ 350 հազար ամսական վարձով։

«Սկզբնական շրջանում երեխաների դպրոց տեղավորելու խնդրով էինք զբաղված։ Մեծ դժվարությամբ են նրանք հարմարվել, քանի որ բավականին նուրբ տարիքում իրար հետևից սթրեսներ ապրեցին։ Հիմա էլ նոր միջավայրին պիտի հարմարվեին։ Այժմ այդ ամենն անցյալում է, մեծ աշխատանք էր տարվել ուսուցիչների և իմ կողմից՝ երեխաների հարմարվողականությունն աստիճանաբար իրականացնելու համար»,- նշում է Ն․ Հովսեփյանը։ Ստեփանակերտում զարգացած բիզնես ունեին, օգնող ձեռքի պակաս չկար։ Այստեղ բոլորն իրարից հեռացան, բնակվեցին այնտեղ, որտեղ համեմատաբար հեշտ էին համարում ապրելը։ Առաջնահերթ խնդիրը բոլորի մոտ էլ զբաղվածությունն է։

«Երեք ամիս շարունակ ամուսինս տնից դուրս էր գալիս աշխատանքի փնտրտուքով ու վերադառնում ձեռնունայն։ Իհարկե գնահատում ենք այն ամենն, ինչ արեցին և անում են մեզ համար մեր հայրենակիցները, սակայն առավել կարևորը կայուն աշխատանք ունենալն էր։ Երկար փնտրտուքից հետո Կոմիտասի պողոտայի վրա տարածք է վարձակալել՝ միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվելու համար։ Խանութին մոտ բնակարան ենք գտել՝ համեմատաբար մատչելի գնով և տեղափոխվել։ Սակայն երեխաներին դպրոցից չենք հանել՝ կրկին սթրեսի չենթարկելու համար»։ Խանութ բացելու վրա բավականին մեծ գումարներ են ներդրել՝ ասում է։ Սկզբնական շրջանում մինուսով էին աշխատում։ «Մի քանի ամիս դժվար էր, մինչև մարդիկ իմացան մեր տեղը։ Հիմնական ծանրությունն ամուսնուս վրա էր, քանի որ ես երեխաների խնամքով էի զբաղված՝ Կոմիտասից Աջափնյակ դպրոց էի հասցնում ամեն օր։ Հիմա, որ ամառային արձակուրդներ են՝ սկեսրայրս երեխաների հետ զբաղվում է, ես խանութում ամուսնուս փոխարինում եմ, բավականին ծանր աշխատանք է մեկ հոգու համար։ Աշխատում եմ հնարավորինս օգնել, ձեռք հասցնել՝ ամուսինս առողջական խնդիրներ ունի։ Այս պահին սակայն հրաժարվում է առողջական հարցերով զբաղվելուց՝ ասում է խանութի աշխատանքները հունի մեջ ընկնեն՝ կզբաղվի։ Ընտանիքի համար, սակայն տան գլխավորի առողջական վիճակի կայունությունն է»,- ասում է Նանարը։ Արցախցիներիս դժվարությունները ծագել են 2022-ի դեկտեմբերից ու հետապնդում են դեռևս։ Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում օրահացի խնդիր են լուծում, անհոգ կամ ուրախ ապել չեն կարող՝ առաջ մղող ուժը երեխաներն են ու նրանց նկատմամբ պարտավորվածությունը, ինչը թուլանալու իրավունք չի տալիս՝ շեշտում է Նանարը։

«Ամեն աստծո օր փառք եմ տալիս Տիրոջը, որ կարողանում ենք ապրել, աշխատել։ Այնքան դաժան ճակատագրեր կան»․․․ Թեև խանութի ապրանքի վաճառքն այնպես չի ընթանում, ինչպես որ ցանկանում են, սակայն չեն հուսալքվում, աշխատում են դիմակայել մրցակցության։ Վայելում են հաճախորդների սերն ու վստահությունը։ «Կար ժամանակ, երբ մտածում էինք փակվելու մասին, քանի որ աշխատանքի բնույթը ծավալուն է, եկամուտը համեմատաբար ցածր՝ պայմանավորված տարածքի վարձավճարով։ Հուսանք դժվարություններն անցյալում են։ Խանութում աշխատող ենք վերցրել, օրվա մեջ ես էլ եմ անպայման լինում այնտեղ, օգնում ամուսնուս, վերամշակման ենթակա ապրանքներն առանձնացնում։ Հաճախորդների մեջ մեծ թիվ են կազմում արցախցիները», - ասում է Ն․ Հովսեփյանը։ Ուրախությամբ է նշում, որ ունեն հաճախորդներ, ովքեր Երևանի տարբեր թաղամասերից հասնում են իրենց մոտ՝ շաբաթվա գնումները կատարելու։

«Դժվարություններն ամենուր են, անում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք հասնել այն ամենին, ինչ ունեինք Արցախում։ Այս պահին Աստծուց միայն առողջություն եմ խնդրում ամուսնուս համար, քանի որ մեր ընտանիքի բարեկեցությունը նրա առողջական վիճակից է կախված»,- որպես վերջաբան նշում է Նանարը։

Անահիտ Պետրոսյան