«Վախենում եմ այն օրից, երբ կհավատամ, որ Տիգրանս չի գալու»․ Ալիսայի ու Տիգրանի ամուսնությունը 73 օր տևեց
Աջակցիր «Ա1+»-ինՉնայած երիտասարդ տարիքին՝ Ալիսան այսօր հոգեբանական բազմաթիվ խնդիրների է հանդիպում, ամուսնու մահից իրականության հետ հաշտվել չի կարողանում։ Տիգրանի և Ալիսայի ամուսնությունը տևեց ընդամենը 73 օր։ Երջանկությունն ընդհատվեց 2023-ի սեպտեմբերի 19-ին․․․
2020 թվականից հետո թեև Արցախում կյանքը հիմնովին փոխվել էր, սակայն Ալիսան հենց այդ բարդ շրջանում գտավ իր երջանկությունը՝ նրա կյանքում հայտնվեց Տիգրանը:
«Ամեն ինչ փոխվեց շուրջս: Սիրեցի շատ, ամեն ինչից շատ ու անմնացորդ սիրով: Ինքս մեծացած լինելով զինվորականի ընտանիքում, տեսնելով հորս նվիրվածությունը հայրենիքին՝ ուղղակի ապշում էի ամեն օր տեսնելով այդ ամենը նաև Տիգրանի մեջ: Եվ շատ հպարտանում էի, և՛ վախենում նույնչափ, որովհետև գիտակցում էի, վճռական պահին հայրենիքն ամեն ինչից վեր է դասելու»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է արցախյան վերջին պատերազմում ամուսնուն կորցրած Ալիսան Ավանեսյանը։
2023 թվականի հուլիսի 8-ն Ալիսայի կյանքի ամենաերջանիկ օրն էր։
«Այդ օրը տեղի ունեցավ բոլորիս համար այդքան երկար սպասված՝ իմ ու Տիգրանի հարսանիքը: Հեքիաթ էր, երկուսիս հեքիաթը: Չնայած դժվարություններին՝ անչափ ուրախ էինք բոլորս։ Այնքան երջանիկ էի, երբեք այդքան լավ ինձ չէի զգացել։ Մեր միասին ապրած ամեն մի օրը մի պատմություն է, մի հեքիաթ, մեծ սիրով, հոգատարությամբ ու քաղցրությամբ լցված: Ուղղակի բառերը շատ քիչ են նկարագրելու այդ ամենը»,- ասում է Տիգրան Ավանեսյանի այրին։
Ալիսան ու Տիգրանի քույրը՝ Էլինան նույն կուրսում էին սովորում՝ Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի գերազանց շրջանավարտներն էին։
«ԲՈՒՀ-ն ավարտելուց ու ամուսնանալուց հետո Տիգրանի հորդորներով աշխատանքի անցա Ստեփանակերտի առաջին ատյանի դատարանում։ Չէր ցանկանում, որ ինքը գնա աշխատանքի, իսկ տանը մնամ՝ տնային գործերի հետ»:
Ամուսնանալուց հետո առաջին անգամ Տիգրան Ավանեսյանը սեպտեմբերի 12-ին դիրքեր բարձրացավ։
«Շատ տխուր էր, մտահոգ: Մինչ այդ իրավիճակը շատ լարված էր»։
Տիգրանի և Ալիսայի վերջին հրաժեշտը սեպտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 7-ին էր:
«Կարծես զգում էինք, որ սա մեր վերջին հանդիպումն է։ Ամուր գրկել էինք իրար ու չէինք ուզում բաց թողնել։ Հետո անընդհատ հետևից նայում էի, կանչում, ինչ-որ անիմաստ հարց էի տալիս, որ մի փոքր կանգնի՝ նորից նայեմ։ Անընդհատ կապի մեջ էինք, խոսում էինք, օրվա մեջ երբ հարմար էր լինում՝ զանգում էր: Այդքան տխուր նրա ձայնը երբեք չէի լսել , որքան այդ օրերին էին: Մտածում էի՝ կարոտում է, ամուսնանալուց հետո 2 ամիս անընդհատ միասին էինք ու միանգամից այդքան օր իրար չէինք տեսնում»,- պատմում է նա։
Ամուսնու զոհվելու լուրը լսելիս, ասում է, աշխարհը փլվեց գլխին։
«Ոչինչ չէի հասկանում, տեսնում ու լսում: Չեմ էլ հիշում, թե ոնց հասանք Հայաստան: Մեր տունը դարձավ Եռաբլուրը»:
Ալիսան այսօր փորձում է սովորել ապրել առանց սիրելիի, սակայն ամեն վայրկյան զգում է նրա ներկայությունն իր կողքին։
«Իմ մեջ ուժ եմ գտել Հայաստանում իրավաբանական ընկերությունում աշխատանքի անցնելու համար։ Համոզված եմ՝ Տիգրանն ուրախ կլիներ մասնագիտական հաջողություններովս։ Ճիշտ է՝ դժվարությամբ եմ ինձ տրամադրել, որ պետք է աշխատեմ։ Չէի ուզում տեսնել Տիգրանի ու իմ ծնողների խղճահարված հայացքներն իմ ուղղությամբ։ Գիտեմ, որ հիմա պարտավորված եմ ապրել Տիգրանի ու իմ փոխարեն, որպեսզի գոնե մի փոքր հանգստություն պատճառեմ մեր ծնողներին»,- ասում է Ալիսան։
Ափսոսում է՝ չեն հասցրել զավակ ունենալ։
«Ունեմ մեծ ընտանիք, հիմա երկու հայր, երկու մայր, մի եղբայր, 3 քույր ունեմ: Հանգստությունս մի փոքր նրանց շրջապատում եմ փորձում գտնել։ Տիգրանի ներկայությունը, նրա շունչը, նրա հետ կապված ամեն ինչ նրանց մեջ եմ փորձում գտնել ու այդ կերպ անսահման կարոտս փորձում առնել: Դժվարությունների հանդիպում եմ, բայց դրանք ավելի շատ հոգեբանական են: Դրանք միշտ են լինելու հետս, մնացած ամեն ինչ հաղթահարելի է: Ես միշտ զգում եմ իմ Տիգրանի ներկայությունը, նա մշտապես հետս է, ձայնը ականջներումս, ինքն՝ աչքիս առաջ:
Վախենում եմ այն օրից, երբ կհավատամ, որ Տիգրանս չի գալու»,- ասում է նա։
Անահիտ Պետրոսյան