Երևանում հաճախորդներիս թիվը զգալիորեն աճել է. արցախցի Օլգան դիմահարդարման դասընթացներ է անցկացնում
Աջակցիր «Ա1+»-ինՕլգա Դավթյանը տուրիզմի ոլորտի մասնագետ է, սակայն հանգամանքների բերումով դիմահարդարությամբ է զբաղվում։
«Դիմահարդարման հմտություններ ունեի դեռ դպրոցական տարիներից։ Ամեն ինչի մեջ փնտրում էի գեղեցիկը, տարվում էի շրջապատիս գեղեցկությամբ։ Մի ժամանակ նույնիսկ լուսանկարչությամբ էի տարված։ Գեղեցիկ բնապատկերներ էի անում, սիրում էի նաև ինքս լուսանկարվել։ Իսկ հետաքրքրությունը դիմահարդարման հանդեպ ու այն իմ մեջ զարգացնելն առաջացավ շնորհիվ մայրիկիս։ Նա միշտ չափի մեջ դիմահարդարվում էր, իսկ ես կողքից հետևում՝ հիանում էի »,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Օլգան։
Արցախում վերջին չորս տարիներին Օլգան զբաղվում էր դիմահարդարմամբ։ Սիրելի զբաղմունքն աստիճանաբար նորաստեղծ ընտանիքի համար եկամտի աղբյուր դարձավ։ Նաև դասընթացներ էր կազմակերպում, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնում։
«Ստեփանակետում վարձակալած գեղեցկության սրահում էի աշխատում։ Աշխատանքս համատեղում էի երկու մանկահասակ երեխաներիս խնամքի հետ։ Իհարկե մեր ծնողները օգնում, սակայն ընտանիքի հիմնական ծանրությունն իմ ուսերին էին »,- ասում է Օլգան։
Օլգան նաեւ երաժշտական կրթություն ունի։
«Երգել սկսել եմ 5 տարեկանից՝ Ստեփանակերտի մշակութային տարբեր հաստատություններում ելույթներ էի ունենում։ Երգարվեստը ևս հոգուս շատ հարազատ է։ Քաղաքային մշակույթի տանն աշակերտներ ունեի։ Ուսուցանելու համար հիմնականում վերցնում էի 20 տարեկանից բարձր երիտասարդների, ովքեր որոշ չափով տիրապետում էին վոկալային արվեստին։ Համագործակցում էի նաև հարսիկների հետ, նրանց երգել սովորեցնում»,- ասում է զրուցակիցս։
Բռնագաղթելուց հետո Հայաստանում Օլգան վճռեց կրկին զբաղվել դիմահարդարմամբ։ Անհրաժեշտ պարագաները, չնայած դժվարությամբ, սակայն կարողացել է հետը բերել։ Շրջափակման դժվարին ամիսներին օրիգինալ նյութերի պակասն արդեն զգացվում էր։ Այստեղ բավականին մեծ ներդումներ է արել՝ անհրաժեշտ պարագաներ ձեռքբերելու համար։
«Հաստատվել ենք Երևանում և առաջին իսկ ամսից սկսեցի աշխատել տանը։ Երկու աշակերտ ունեի։ Մի ամսից հետո բնակությանս վայրին մոտ գեղեցկության սրահում աշխատանքի անցա, որտեղ աշխատում եմ մինչ այժմ։ Դժվարություններ ցանկացած տեղ, ցանկացած ոլորտում կան, բայց ես չեմ վախենում դրանցից ՝ Աստծով եմ հաղթահարում։ Արցախյան վերջին երկու պատերազմներում ամուսինս միայն հրաշքով է փրկվել՝ մեր սրտերում ավելի ամրապնդելով հավատն առ Աստված»,- ապագայի հանդեպ լավատեսությամբ տրամադրված ասում է դիմահարդարման վարպետը։
Երևանում հաճախորդների թիվը զգալիորեն աճել է։ Ընդլայնվել է աշխատանքի մասշտաբը։ Ունի մշտական հաճախորդներ, մոդելներ։
«Իհարկե բազմաթիվ դրական արձագանքներ եմ լսում , հիացմունքներ, գովասանքի խոսքեր, բայց դրանից չեմ հանգստանում, այլ միշտ ձգտում եմ կատարելագործվել, նորարարական լուծումներ գտնել, աշխատել բացթողումներիս, սխալներիս վրա»։
Հաճույքով է կատարում յուրաքանչյուր հաճախորդի ամենահամարձակ ցանկությունը։
«Դիմահարդարման մեջ չպետք է լինեն տարիքային սահմանափակումներ, քանի որ կինը ցանկացած տարիքում պետք է լինի խնամված, համապատասխան դիմահարմամբ։ Ուղղակի այն պետք է անել գրագետ, չափի մեջ և իմանալ որոշակի գաղտնիքներ»։
Ինչպես և Արցախում, Հայաստանում ևս դիմահարդարման դասընթացներ է անցկացնում Օլգան։ «Մեծ սիրով եմ դասընթացներն անցկացնում՝ հետամուտ լինում բավականին նուրբ արհեստի մանրակրկիտ ուսուցմանը։ Բազային գիտելիքներն ամենակարևորն են պահանջված մասնագետ դառնալու համար։ Եվ ինձ շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ կարողանում եմ գիտելիքներս լիարժեք փոխանցել աշակերտներիս։ Դասընթացները տևում են մեկ ամիս, նյութերն ու մոդելները տրամադրում եմ, ավարտելուց հետո տրվում է եռալեզու սերտիֆիկատ։ Ապագայի հանդեպ հավատով եմ լցված։ Ծրագրեր երբեք չեմ կազմում ՝ դրանք լիարժեք թողնում եմ Աստծո հայեցողությանը, քանի որ համոզված եմ՝ մեր կյանքի հանդեպ Նրա ծրագրերն ավելի լավն են»:
Անահիտ Պետրոսյան