Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_17209849332834876
A A
Թեմա Հասարակություն

Բենզինի պայթյունից զոհված զինվորականի այրին կոտրվել չի կարող․ առաջնայինն այսօր որդու առողջությունն է

Արցախում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը Լիլյայի կյանքը դժոխքի վերածեց՝ որդին ու ամուսինն այնտեղ էին պայթյունի պահին․․․
 
 
 Լիլյա Մարդյանն ընտանիքով՝ ամուսնու և երեք երեխաների հետ ապրում էր Ստեփանակերտում։ Աշխատում էր Ստեփանակերտի տուն-ինտերնատում, նաև՝ վարսահարդարությամբ զբաղվում։ Ամուսինը՝ Աշոտ Սարգսյանը, զինվորական էր՝ ավագ լեյտենանտի կոչումով։
 
 
 «Աղջիկներս դպրոցականներ են, Ստեփանակերտում հաճախում էին նաև արտադպրոցական պարապմունքների։ Տան կրտսերը՝ Արուսը, պարով էր զբաղվում, Թագուհին՝ երաժշտությամբ։ Որդիս՝ Նելսոնը մեքենաներով էր հետաքրքրված, 9-ամյա կրթություն ստանալուց հետո ավտոմեխանիկի հմտություններ էր սովորում վարպետի մոտ»։
 
 
 Կյանքն աստիճանաբար հունի մեջ էր մտել 44-օրյա պատերազմից հետո, թվում էր՝ ամեն դժվարություն անցյալում է։
 
«2020թ. պատերազմի ժամանակ տեղափոխվել ենք Հայաստան։ Ամուսինս մարտի դաշտում էր, հոգու թրթիռով էր անցնում ամեն մի օրս։ Պատերազմի ողբերգական ելքից հետո վերադարձել ենք Ստեփանակերտ։ Ամեն կերպ փորձում էինք հարմարվել նոր իրողություններին»,- պատմում է տիկին Մարդյանը։
 
Բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը, սակայն, ամեն ինչ փոխեց։ Ամուսինն ու որդին ծանր վիրավորվեցին։ Նրանց ուղղաթիռով տեղափոխեցին Հայաստան, որտեղ 9 օր անց ամուսինը գիտակցության չգալով մահացավ։ Այրվածքները շատ ծանր էին՝ կյանքի հետ անհամատեղելի։  
 
 
 
«Ամուսնուս հուղարկավորեցինք Եռաբլուր պանթեոնում, հիմա միայն այնտեղ ենք գտնում մեր հոգու անդորրը։ Ուղեղս բթացել էր, մտքումս միայն տղաս էր, ասում էի՝ Աստված գոնե նրան խնայի։ Աստված գթաց մեզ երևի… 4 ամիս այրվածքաբանական հիվանդանոցում բուժում ստանալուց հետո որդիս դուրս գրվեց։ Կարճ ժամանակ անց հովանավորների օգնությամբ տեղափոխվել ենք ԱՄՆ՝ բուժումը շարունակելու։ 2 ամիս առաջ ենք վերադարձել, այժմ մերսումների ենք գնում այրվածքաբանական հիվանդանոցում։ Ձեռքերի շարժունակությունը վերականգնելու համար կենտրոնի բուժանձնակազմն անում է հնարավոր ամեն բան»,- ասում է տիկին Մարդյանը։ 
 
 
 
Լիլյան դեռ չի աշխատում, սակայն հույս ունի վարսահարդարի իր մասնագիտությամբ աշխատանք գտնել․
 
«Երկար ժամանակ է, ինչ չեմ աշխատել, ուստի ժամանակս ներածին չափով դասընթացների եմ մասնակցում՝ հմտություններս զարգացնելու համար։ Այժմ առաջնահերթն ինձ համար տղայիս առողջությունն է, որից հետո միայն կկարողանամ լիարժեք մտածել որևէ աշխատանքի անցնելու ուղղությամբ»։ 
 
 
Աղջիկները շարունակում են կրթությունը դպրոցում։ 
 
«Ի զարմանս ինձ՝ հեշտ են ինտեգրվել, ինչը մեծապես կախված է նաև շրջապատից։ Իմ երեխաներին գրկաբաց ընդունեցին դպրոցում, ընդառաջեցին ցանկացած հարցում և սիրեցին»։ 
 
 
Անդառնալի կորստյան ցավը սրտում՝ Լիլյան աշխատում է զավակներին ոգևորել պայքարել կյանքի դժվարությունների դեմ։  
 
«Երբ ամուսինս կարողանում էր մեզ հետ օր անցկացնել՝ մեզ համար այդ օրը տոն էր դառնում։ Քանի որ ամուսինս զինվորական էր, հաճախ էր տնից բացակայում, երեխաների դաստիարակությունը միայնակ էի իրականացնում։ Իհարկե, խորհրդակցում էի նրա հետ, սակայն միշտ հորդորում էր ինձ ինքնուրույն որոշում կայացնեմ, քանի որ վստահում էր, որ ճիշտ կկողմնորոշվեմ ու երեխաներին ճիշտ ուղղություն կտամ։ Երևի զինվորականի իր մասնագիտությունն էր պատճառը նրա  այդ պահվածքի, քանի որ միշտ ասում էր, որ երբեք չես իմանա՝ հաջորդ պահին ինչ կարող է պատահել, զինվորականի կինը պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակում ճիշտ և օպտիմալ որոշում կայացնելու։  Երեխաներս պետք է լավ կրթություն ստանան, և հասնեն իրենց նպատակներին։ Իսկ ես ամեն կերպ կաջակցեմ նրանց»։ 
 
Երեք երեխաների հետ կյանքի ամենածանր ժամանակահատվածում միայնակ մնացած կինը հետագա անելիքները երկրորդ պլան է մղել. այս պահին կարևորը տղայի բուժումն է։
 
«9 ամսից ավելի ժամանակ է անցել, սակայն վերջնական ապաքինման մասին մտածելը դեռ վաղ է։ Արտասահմանում բուժում ստանալու կարիք դեռ կա։ Արդեն հովանավոր ունենք, հոկտեմբերին պետք է մեկնենք դեմքի պլաստիկ վիրահատության։ Հույսով սպասում ենք»,- ասում է նա։
 
Անահիտ Պետրոսյան
 
«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։