Բացել լրահոսը Փակել լրահոսը
038A2766
A A
Սպորտ

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վահագն Դավթյան.  Օլիմպիական խաղերն իմ վերջնակետը չեն

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Վահագն Դավթյան

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, 35-ամյա Վահագն Դավթյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը:

-Վահա՛գն, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք:

-Շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Շատ լավ եմ տրամադրված: Նախապատրաստական փուլում եմ: Կարծում եմ՝ լավագույն մարզավիճակիս կհասնեմ Ֆրանսիայում կայանալիք երկշաբաթյա ուսումնամարզական հավաքից հետո: Հավաքի ընթացքում մարզումներն անցկացնելու ենք նույն մարզագույքով, ինչ՝ Օլիմպիական խաղերում: Այսինքն` մարզագույքի փոփոխություն չենք ունենա, ինչը կարևոր է: Կարևոր հանգամանք է նաև, որ կգտնվենք հենց Ֆրանսիայում, այսինքն` ժամային գոտու և այլնի փոփոխություն ևս չենք ունենա մրցումներից առաջ:

-Ինչպիսի՞ն էր Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճելու ճանապարհը Ձեզ համար:

-Անկեղծ ասած՝ բարդ: Ուղեգիրը մեկ մրցաշարի կամ մեկ մրցման արդյունքով չեղավ: Այն ձեռք բերեցի աշխարհի գավաթի խաղարկության փուլերի արդյունքով, որոնք մեկնարկել էին տարեսկզբից: 4 փուլերից մեկին էլ չմասնակցեցինք, ինչն ավելի էր բարդացնում մեր գործը, քանի որ բոլոր փուլերը շղթայված էին միմյանց հետ. ՕԽ ուղեգիր նվաճած մարզիկների անունները որոշվելու էր ընդհանուր միավորների հանրագումարով: Տարեսկզբից լարված շրջան ունեցանք՝ մրցումներ, հավաքներ, նորից մրցումներ: Ուրախ եմ, որ կարողացա հասնել իմ առջև դրված նպատակին:

-Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունից հետո վնասվածք ստացաք: Ի՞նչ մարզավիճակում եք, հասցրե՞լ եք լիարժեք վերականգնվել:

-Լիովին չեմ ապաքինվել: Վերականգնողական շրջան անցա Դոհայի աշխարհի գավաթից հետո. այդ շրջանում չէի մարզվում և մարզավիճակս թուլացրի: Արդեն սկսել եմ լիարժեք մարզվել: Կարծում եմ՝ երբ ֆիզիկական մարզավիճակս ավելի լավ մակարդակի հասցնեմ, ցավերս էլ կմեղմանան: 

-Ստեղծված իրավիճակում ի՞նչ խնդիրներ եք դրել ինքներդ Ձեր առջև Փարիզում:

-Բնականաբար, այն մասնակցությունն է գոհացուցիչ և լավ համարվում, որից գոհ են մնում թե՛ մարզիչները, թե՛ մարզիկները: Թե վերջնարդյունքում որ տեղը կզբաղեցնես, մրցումը ցույց կտա: Բայց, առաջին հերթին, կարևոր է՝ դու և քո թիմը ելույթից գոհ լինեք: Բոլոր մրցակիցներիս ծանոթ եմ. միմյանց հետ մրցել ենք աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Օլիմպիական խաղերի վարկանիշը, իհարկե, ավելի բարձր է, բայց պատրաստվում ենք նույն լրջությամբ, ինչ մյուս խոշոր միջազգային մրցումներին: Հուսով եմ՝ ամեն ինչ հաջող կընթանա մեզ համար:

-Օլիմպիական խաղերը բոլոր մարզիկների համար, թերևս, երազանք և կարիերայի գագաթնակետ են: Քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողացաք այս տարիքում  նվաճել ՕԽ ուղեգիրը: Այս ընթացքում ի՞նչն է Ձեզ մոտիվացրել ու առաջ մղել:

-Կարիերայիս ոչ մի փուլում չեմ կենտրոնացել տարիքի վրա: Տարիքն այնքան էլ կարևոր չէ. ավելի կարևոր են քո առողջությունն ու մարզավիճակը: Իհարկե, ավելի մեծ տարիքում դժվար է լավ մարզավիճակ պահելը, վնասվածքներն էլ ավելի դժվար են վերականգնվում, բայց տարիքը նաև իր առավելությունն ունի. ավելի փորձառու ես, իսկ այդ փորձը շատ մեծ դեր է խաղում գրանցած արդյունքների հարցում:

-Վահա՛գն, հանդես եք գալիս օղակների վրա: Ինչո՞վ է այն Ձեզ համար սիրելի:

-Իմ լավ արդյունքները հենց այդ գործիքի վրա եմ ցույց տվել, դրանով էլ դարձել է սիրելի: Բոլոր գործիքներն էլ լավն են ու նաև՝ շատ բարդ: 13-14 տարեկանից ֆիզիկապես տարբերվում էի իմ հասակակիցներից, կարողանում էի օղակների վրա խաչ կատարել, ֆիզիկապես ավելի պինդ էի օղակների վրա. այդպես հասկացա, որ իմ առանձնահատկությունները հենց օղակների վրա են ավելի լավ դրսևորվում: Իրականում, դու ինքդ չես որոշում, թե որ գործիքի վրա պետք է հանդես գաս: Օրգանիզմդ է թելադրում ժամանակի ընթացքում:

-Երկար տարիներ է՝ սպորտում եք: Հետաքրքիր է՝ այս ընթացքում, Ձեր կարծիքով, որքանո՞վ է փոխվել պետության և հասարակության վերաբերմունքը մարմնամարզության հանդեպ:

-Բավականին փոխվել է, ինչն առաջին հերթին բխում է արդյունքներից: Երբ պարբերաբար Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ ենք ունենում, անուններն ավելի շատ են հնչում թե՛ ԶԼՄ-ներում, թե՛ հասարակության տարբեր շերտերում: Հանրությունը սկսում է ավելի շատ ճանաչել մարզիկներին, սիրել սպորտն ու աջակցել, ինչը, հավատացեք, շատ կարևոր է մարզիկի համար: Սպորտի հանդեպ պետության վերաբերմունքում ևս շատ դրական ու մեծ փոփոխություններ է կան: Կարելի է ասել՝ հենց դա էլ բերում է մեծ արդյունքների: Պետական ուշադրությունը, միանշանակ, նպաստելու է սպորտային նվաճումների ավելացմանը, քանի որ մարզիկներն արդեն մտածում են միայն իրենց մարզումների, ոչ թե առօրյա խնդիրների մասին: Շատ տաղանդավոր մարզիկներ ենք ունեցել, որոնք սոցիալական խնդիրների պատճառով թողել են սպորտը, ինչը շատ ցավալի է: Այժմ իրավիճակն անհամեմատ փոխվել Է: Եթե մարզիկը ցույց է տալիս լավ արդյունք և նվաճում է մեդալներ, միանշանակ գնահատված է պետության կողմից:

-2027 թվականին Հայաստանը կընդունի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Ի՞նչ հեռանկարներ է սա բացում մեզ համար, և հետաքրքիր է նաև՝ որտե՞ղ եք Ձեզ տեսնում այդ ժամանակ:

-Եթե անկեղծ՝ շատ եմ ցանկանում մասնակցել Եվրոպայի այդ առաջնությանը: Միանշանակ, չեմ մտածում, թե Փարիզի Օլիմպիական խաղերն իմ վերջնակետն է լինելու: Մեր երկրում մարմնամարզության զարգացման և առաջընթացի տեսանկյունից Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը, անկասկած, շատ մեծ առավելություն կունենա: Հայաստանում նմանօրինակ մրցաշարի անցկացումը երազանք է, որը մի քանի տարի առաջ անհնարին էր թվում: Մեզ հետ այսօր մարզվող երեխաները, որոնք հիմա միայն մեզ են տեսնում, հնարավորություն կունենան տեսնելու համաշխարհային շատ հզոր և անվանի մարզիկների: Ի վերջո, կունենանք նաև մեր նոր մարզադահլիճը, որը ենթակառուցվածքների առումով շատ կարևոր խնդիրներ կլուծի: Միանշանակ, դրական արդյունքները շատ կլինեն:

Բլից հարցեր

-Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

-Հայ բոլոր լեգենդար մարզիկների հետ կուզեի մեկ օր անցկացնել: Կարծում եմ՝ շատերի հետ արդեն իսկ անցկացնում եմ:

-Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

-Կյանքում ամենակարևորը լավ մարդ լինելն է, անկախ նրանից՝ ինչ արդյունքների կհասնես:

-Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-Լինել ազնիվ և մաքուր:

-Ինչի՞ց եք վախենում:

-Վախեր չունեմ: Անհանգստանում եմ ինձ հարազատ մարդկանց համար:

-Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

-Աստծուն:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ