Այժմ ավելի պարտավորված եմ ինձ զգում, քանի որ հետ քայլ անելու իրավունք չունեմ. «Դուքենդո» մարզաձևի 10 ամյա չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 30-ին Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիյսկ քաղաքում կայացած Ռուսաստանի Դուքենդոյի ֆեդերացիայի ամառային միջազգային-մարզական առաջնությունում արցախցի Գոռ Վարդանյանը հռչակվելով Ռուսաստանի կրկնակի չեմպիոն։
Արցախի իր ծննդավայր Աստղաշենում նախասիրություններ շատ ուներ Գոռը՝ գերազանց սովորելուն զուգահեռ նաև ասմունքում էր, զբաղվում սպորտով։
«Երբ Արցախում էի, Ստեփանակերտի համար 3 դպրոցում «Ձյուդո» մարզաձևով էի զբաղվում, քանի որ կարատեի խմբակ չկար։ Բայց երազանքս էր Հայաստանի Կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի նման ուժեղ մարդ դառնալ»,- Ա1+-ի հետ զրույցի ժամանակ ասում է Արցախյան վերջին պատերազմից հետո բռնի տեղահանված և ՀՀ Արտաշատ քաղաքում ապաստարան գտած փոքրիկ Գոռը։
Արտաշատի 5-րդ դպրոցն սան է, փոխադրվել է 6-րդ դասարան։ «Դպրոցում իմացա կարատեի խմբակի մասին և սկսեցի հաճախել պարապմունքների։ Ամենաոգևորիչն այն էր, որ մարզիչս`Կարեն Հովհաննիսյանը, Գոռ Վարդանյանի սանն է։ Նպատակս իրականություն դարձնելու գործում կարևոր էր ծնողներիս, մարզչիս դերը։ Նրանք ամեն ինչ անում էին, որ ես վստահ լինեմ իմ ուժերի վրա»,-ասում է Դուքենդո մարզաձևի նորընծա չեմպիոնը։ Գոռի առաջին մրցույթը կայացավ Երևանում։
«Դեռ երկու ամիս չկար, որ պարապում էի, երբ մարզչիս խորհրդով մասնակցեցի Դուքենդոյի Հայաստանի ֆեդերացիայի բաց առաջնությանը և «Քնթինյո» մարզաձևից գրավեցի երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի։ Հենց այդտեղ էլ տեղի ունեցավ ինձ համար ամենասպասված ու ցանկալի հանդիպումը Գոռ Վարդանյանի հետ։ «Մարզչի անմիջական միջամտությամբ տեղի ունցավ երկու Գոռ Վարդանյանների հանդիպում։ Տղայիս ուրախությանը չափ չկար»,- ասում է տիկին Վարդանյանը։
Գոռի անունն անմիջական կապ ունի անվանի հայի անվան հետ։ Դիտելով Արցախի Քարին տակ գյուղի հերոսամարտի մասին նկարահանված Գոռ Վարդանյանի ռեժիսորությամբ «Ճակատագիր» ֆիլմը՝ Գոռի մայրը որոշել էր, որդի ունենա անունը Գոռ է դնելու։ «Ցանկությունս գերազանցապես է կատարվել, քանի որ ամուսնուս ազգանունն էլ Վարդանյան է։ Այս ամենը կարծում եմ պատահական չէ, ու թող այսօր հայրենիքից հեռու, սակայն հայրենիքում ստացած ուժն ու կրկին ծննդավայր վերադառնալու հույսն է բոլորիս առաջ մղում, անելու ուժերի ներածին չափից ավելին՝ երազանքի ճանապարհին»,- ասում է Գոռի մայրը։
Ընտանիքին Հայաստանում գրկաբաց են ընդունել։ Կրկին իր սիրելի մասնագիտությամբ՝ մանկավարժությամբ է զբաղվում՝ Դիտակ դպրոցի փոխտնօրենն է։ «Հետպատերազմյան շատ սթրեսների է ենթարկվել Գոռը, դարձել էր դյուրագրգիռ, էմոցիոնալ, հաճախ էր ընկճվում։ Բռնագաղթելուց հետո նրա մոտ նաև միգրեն հիվանդությունն էր գլուխ բարձրացրել»,- մտահոգության է հայտնում մայրը։ «Հաճախելով կարատեի, ես ինձ լավ զգացի, ինքնավստահ եմ, կրկին համարձակություն եմ ձեռքբերել, պաշտպանված եմ զգում, ու առողջական վիճակս էլ բավարար է՝ ինչն էլ իմ ու ընտանիքիս համար ամենակարևորն է»,- ոգևորությամբ ավելացնում է Գոռը։ Միայն քրտնաջան աշխատանքի ու մարզչի հետամուտ ու խստապահանջ լինելու արդյունքում հնարավոր եղավ հասնել ցանկալի արդյունքի՝ վստահ է Գոռը։
«Այժմ ավելի պարտավորված եմ ինձ զգում, քանի որ հետ քայլ անելու իրավունք չունեմ։ Մինչև հաղթանակի հասնելը շատ էի լարված, Ռուսաստանի Դաշնություն մրցումների մեկնած ընկերներս տարիների փորձ ունեին, իսկ ես ընդամենը ամիսների։ Սկզբից մտածում էի հաղթանակս «հեռվում է», «անհասանելի», բայց երբ կարդացի մայրիկիս ֆեյսբուքյան էջից ինձ հղված քոմենթների տեղատարափը մեջս ուժ գտա, ոգևորվեցի՝ աջակցողների մեծ բանակը տեսնելով։ Պարտավորեցնող էր՝ «Գոռ Արցախի ուժը քո բռունցքներում է» քոմենթը, ո՞նց կարող էի այդքան ուժ ու զորություն թիկունքում զգալ ու չհաղթել»,- ասում է Գոռը։
Գոռն ասում է, որ մարտի ժամանակ շատ էր օգնում նաև մարզչի ճիշտ ուղղություններ տալը։ « «Փոյնթ» և Քնթինյու» մարզաձևերից արժանացա ոսկե, իսկ «Կատա» մարզաձևում արծաթե մեդալների։ Իմ հաղթանակը լիարժեք զգացի այն ժամանակ, երբ Արցախիս դրոշն արդեն ուսերիս էր»։
րազանքներ շատ ունի Գոռը կրթության և սպորտի բնագավառներում։ Արդեն մեծավարի է ամեն ինչ դատում։ Ասում է՝ երկրիս պետք է խելացի և ուժեղ սերունդ։ Ուստի իր հասակակիցներին կոչ է անում լինել համարձակ, լավ սովորեն ու հայրենիքի անունը միշտ բարձր պահեն։
Անահիտ Պետրոսյան