Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Դիլանյան
A A
Պաշտոնական

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղերձը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ուղերձ է հղել աՍահմանադրության օրվա առթիվ:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
 
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:
 
29 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունելով Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը՝ մենք մեր կամքն ու վճռականությունն արտահայտեցինք՝ ընթանալու ժողովրդավարական արժեքներով իրավական պետություն կառուցելու ճանապարհով։ Մայր օրենքը, անխոս, երկրի զարգացման, կայացման, ներքին ու արտաքին կայունության երաշխավորն է եղել և կա՛։
 
Սահմանադրության բացառիկ առաքելությունն է միավորել հասարակության բոլոր շերտերը՝ անկախ սեռից, ռասայից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, քաղաքական ու կրոնական հայացքներից, ազգային պատկանելությունից, գույքային վիճակից և այլ հատկանիշներից՝ հանուն ազատության, պետականության և ժողովրդավարության, հանուն իրավունքի գերակայության և մարդու երջանիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքի:
 
Իր գոյության գրեթե երեք տասնամյակների ընթացքում Մայր օրենքը զարգացել ու բարեփոխվել է՝ պետության կայացմանն ու ամրապնդմանը զուգահեռ։ Սահմանադրության բարեփոխումներն իրապես արդյունավետ են, երբ քաղաքական դերակատարների փոխհամաձայնությունից բացի, առկա է նաև դրանց լիարժեք ընկալման և աջակցության հավաստումը հասարակության կողմից։
 
Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, բոլոր խնդիրների լուծումները, սակայն այն պարունակում է դրանց լուծման բանաձևերը և բոլորիս համար հավասար հնարավորություն է ստեղծում՝ մեր ունակություններին համապատասխան կերտելու ազատ քաղաքացու մեր սեփական պատկերը:
 
Ամեն ազգ ու ժողովուրդ չէ, որ սեփական Սահմանադրությունն ունենալու իրավունք է վաստակել: Շատ ավելի քիչ են նրանք, որոնց պետականության գիտակցման ու պետական կացութաձևի հետ մերվել ու դրա անքակտելի մասն են կազմել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը: Մենք նույնպես պետք է գիտակցենք, որ Սահմանադրությունն ազատության ու պետականության հաղթանակն է ավտորիտարիզմի ու կամայականության նկատմամբ, ու ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրում նույնպես ձևավորվեն Սահմանադրությունն զգացող հասարակություն և դրանով հռչակված սկզբունքներով անշեղորեն առաջնորդվող պետական ինստիտուտներ:
 
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին»,- ասված է ուղերձում: