Բացել լրահոսը Փակել լրահոսը
77
A A
Պաշտոնական

Աբխազիան իր բողոքն է հայտնել Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ

Աբխազիայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել և հայտարարություն տարածել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլիի և Արարատ Միրզոյանի հայտարարությունների վերաբերյալ, որոնք առնչվում են տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ աջակցության և հարգանքին:

«Այս կապակցությամբ հարկ ենք համարում հայտարարել, որ Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որի ինքնիշխան կարգավիճակն ամրագրված է 1994 թվականի Աբխազիայի Հանրապետության Սահմանադրությամբ և հաստատվել 1999 թվականին Հանրապետության պետական անկախության մասին ակտով՝ Աբխազիայի համաժողովրդական հանրաքվեի արդյունքում։

 
 

Աբխազիայի Հանրապետության ժողովուրդը հազարավոր որդիների ու դուստրերի կյանքի գնով պաշտպանել է իր հայրենիքը վրացի ագրեսորներից և երբեք չի շեղվելու անկախ ինքնիշխան Աբխազական պետության զարգացման և ամրապնդման ընտրած ուղուց։

Այս առումով հայկական կողմին հորդորում ենք չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին կարծրատիպային արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Աբխազիայի ԱԳՆ-ն նաև մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Աբխազիայից և Հարավային Օսիայից տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևին։

«Տագնապալի է, որ Հայաստանի ներկայացուցիչները քվեարկեցին այս բանաձևի օգտին, չնայած այն հանգամանքին, որ Աբխազիայի հայկական սփյուռքը կարևոր տեղ է զբաղեցնում մեր Հանրապետության անկախության կայացման և ամրապնդման գործընթացում։ Աբխազիայի հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ մեր Հանրապետության ականավոր հայրենասերներն են և աբխազ ժողովրդի հետ կողք կողքի, զենքերը ձեռքին, պաշտպանել են մեր երկրի անկախությունը։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի ստեղծված իրավիճակից և կվերաձևակերպի իր դիրքորոշումն այս հարցում։

Ինչ վերաբերում է վրացական կողմին, ապա տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները կրում են դեկլարատիվ բնույթ։ Վրաստանի ներկայացուցիչները պետք է հաշտվեն առկա քաղաքական իրողությունների հետ, որոնք առաջացել են 1992-1993 թվականներին Վրաստանի ռազմական պարտության արդյունքում։

 

Այս առումով մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում վրացական կողմին անել միակ ճիշտ քայլը, որը կարող է հիմք դնել մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը և ստորագրել Աբխազիայի Հանրապետության հետ ուժի չկիրառման մասին պայմանագիր»,- հայտարարել է Աբխազիայի ԱԳՆ-ն։