ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը ժամանել է Հայաստան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան։
Սենատոր Վիքերը (հանրապետական, Միսիսիպի նահանգ) հանրապետական ավագ անդամն է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում, որը հայտնի է որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով։ Սենատոր Վիքերը նաև Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի հանրապետական ավագ անդամն է։
Պատվիրակության կազմում են․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնը (հանրապետական, Հվ․ Կարոլինա նահանգ, 2-րդ օկրուգ)․ համանախագահ, սենատոր Բեն Քարդինը (դեմոկրատ, Մերիլենդ նահանգ), որը նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է․ ինչպես նաև սենատոր Ջոն Քորնին (հանրապետական, Տեխաս նահանգ), ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլտը (հանրապետական, Ալաբամա նահանգ , 4-րդ օկրուգ), ներկայացուցիչների պալատի անդամ Ռիչարդ Հադսոնը (հանրապետական, Հս․ Կարոլինա նահանգ, 9-րդ օկրուգ), ներկայացուցիչների պալատի անդամ Թրենթ Քելին (հանրապետական, Միսիսիպի նահանգ, 1-ին օկրուգ) և ներկայացուցիչների պալատի անդամ Էնդի Հերիսը (հանրապետական, Մերիլենդ նահանգ, 1-ին օկրուգ)։
Ս․թ․ հուլիսի 2-5-ը նախատեսվող այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ազգային ժողովի գործընկերների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ մեր երկու երկրների կապերի ամրապնդման նպատակով։ Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ապա կլինեն հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա հայաստանյան քաղաքական դաշտը ներկայացնող Ազգային ժողովի պատգամավորների հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականների հետ։
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ԱՄՆ կառավարության անկախ հանձնաժողով է, որ ձգտում է առաջ տանել ԱՄՆ ազգային անվտանգությունն ու ազգային շահերը՝ խթանելով մարդու իրավունքները, ռազմական անվտանգությունը և տնտեսական համագործակցությունը ԵԱՀԿ 57 երկրներում։