Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում հիմնվում է հանգստի նոր գոտի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել է գույքագրում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման անհրաժեշտություն: 2023թ ավագանու որոշմամբ խստացվել է հսկողությունը:
«Օրենքի նոր նախագծով շատ չոր և կոշտ մեթոդներ են նախատեսվում հուշարձան-շենքերի պահպանման ու կանոնների խախտման դեպքում, և այդ կանոնները չպահպանելը սեփականատերերի համար շատ դառը հետևանքներ է ունենալու: Կոչ եմ անում բոլոր հուշարձան-շենքերի սեփականատերերին, ովքեր գիտեն, որ ունեն խնդիր, հենց այսօրվանից սկսեն այդ ուղղությամբ աշխատել՝ նախնական նախագծային տեսքի վերականգնման տեսանկյունից: Հետագայում այդ հետևանքները շատ ավելի չոր և կոշտ են լինելու, և որքան շուտ այս գործընթացը սկսվի, այնքան բխելու է իրենց շահերից: Հուշարձան-շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են, և այդ շեղումների վերացումը սեփականատերերի պարտավորությունն է. այդ պարտավորությունը պետք է պահպանվի կամ կպարտադրվի»,- ընդգծել է քաղաքապետը:
Երևանյան նոր փողոցներում ընթացքում է վճարովի ավտոկայանատեղիները համապատասխան սարքերով համալրելու գործընթացը, որն արդեն ավարտվել է Զաքյան փողոցում, Պուշկին փողոցի՝ Աբովյան-Նալբանդյան հատվածում: Հուլիսին նախատեսվում է այն ավարտել նաև Կողբացի փողոցի՝ Թումանյան-
Պուշկին, Պուշկինի փողոցի՝ Մաշտոց-Կողբացի, Տերյան փողոցի՝ Պուշկինի-Հին երևանցի, Տերյան փողոցի՝ Հին երևանցի-Թումանյան հատվածներում: *** Նորագյուղ թաղամասը նախատեսվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը, ինչը ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: Ֆրանսիական հայտնի ընկերությունը մշակել է թաղամասի վերակառուցման ամբողջական գլխավոր հատակագիծ. քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացը կազմակերպել այնպես, որ բացառվի որևէ շեղում այդ հատակագծից:
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման՝ գերակա շահի մասին որոշումը ներկայացվել է կառավարության քննարկմանը: Առաջիկայում կմեկնարկի գույքի գնահատման գործընթացը:
4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան: Սեփականատերերի հետ արդեն իսկ 48 պայմանագիր է կնքվել:
Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում հիմնվում է հանգստի նոր գոտի: Այգին կունենա շատրվանային ավազան, կասկադային աստիճանահարթակներ, երեխաների համար խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի համար առանձնացված տարածք, կհիմնվի անտառային գոտի՝ ոռոգման համակարգով: