Բացել լրահոսը Փակել լրահոսը
վերելակի հորան
A A
Հասարակություն

Երևանում տղամարդն ընկել է կիսակառույց շենքերից մեկի վերելակի հորանը․ shamshyan.com

Հունիսի 19-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել և հայտնել, որ Ադոնցի փողոցում գտնվող «ԷՄ ԷՆ» շինհրապարակում աշխատանքներ կատարելիս վերելակից ընկնելու հետևանքով «աջ կողերի կոտրվածք, սալջարդ և ցրտահարություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ռոբերտ Ա․-ն:

Նույն օրը Ռոբերտ Ա․-ն տեղափոխվել է «Միքայելյան» բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ հունիսի 19-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, վիրավորը գտնվել է Ադոնցի փողոցի կիսակառույց շենքերից մեկում, միայնակ քայլելիս ընկել է վերելակի համար նախատեսված հորանը, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:

 

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։