Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեւիկ Թումանյանը առաջինն է Օսլոյում

Սպորտ
92c30cf11cf9aab56b12eee6bba85aa4

Հայաստանի պատանի թենիսիստուհի Արեւիկ Թումանյանը հաղթանակով է վերադարձել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ֆրոգներ այգում» անցկացվող Եվրոպայի մինչև 14 տարեկան թենիսիստների պատանեկան միջազգային մրցաշարից:

Մեր 14-ամյա թենիսիստուհին, վստահ հաղթելով առաջին երեք մրցակիցներին, մտել է եզրափակիչ: Վճռական խաղում Արեւիկը 6:1, 6:2 հաշվով առավելության է հասել ավելի բարձր վարկանիշ ունեցող Նորվեգիայի ներկայացուցիչ Իդա Սելջեվոլ Սկանկեի նկատմամբ:

Պատանի թենիսիստուհին «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ հայտնեց, որ դա իր առաջին լուրջ հաջողությունն էր միջազգային ասպարեզում.

«Նախկինում մասնակցել եմ մի քանի բազմաթիվ միջազգային մրցաշարերի, հաղթել եմ Վրաստանի պատանեկան բաց առաջնությունում, սակայն Օսլոյի մրցաշարն իր վարկանիշով բարձր էր բոլոր նախորդ մրցումներից»:

Նշենք, որ Արեւիկ Թումանյանը թենիսով զբաղվում է 6 տարեկան հասակից, Երեւանի «Արարատ» թենիսի ակումբում: Նրա գլխավոր մարզիչն է հանրապետության փորձառու մասնագետ Ռազմիկ Պոդոսյանը: Արեւիկին հոգեհարազատ է հարձակողական ոճի թենիսը: Համաշխարհային թենիսի աստղերից նրան բոլորից շատ դուր է գալիս Ռոժե Ֆեդերերի խաղը:

«Ռոժե Ֆեդերերը շատ բազմազան թենիսիստ է, նրա մոտ ամեն ինչ լավ է ստացվում» - պարզաբանեց մեծ թենիսում առաջին քայլերը կատարող 14-ամյա պարմանուհին:

Ներկայումս Արեւիկ Թումանյանը պատրաստվում է «Թբիլիսիի գավաթի» խաղարկությանը, որը կկայանա հունիսի 13-19-ը, Վրաստանի մայրաքաղաքի Լեյլա Մեսխիի անվան թենիսի ակադեմիայի կորտերում: