Բացել լրահոսը Փակել լրահոսը
448416022_974601530875648_2829864726044775290_n
A A
Հասարակություն

Թվում է, թե պետք է կարեկցեն, բայց հաճախ հանդիպող ատելությունը՝ պայմանավորված կոնկրետ անձանց գործողություններով, տարածվում է բոլորիս վրա․ արցախցի

«Ամուսինս զինծառայող է, սեպտեմբերյան մեկօրյա պատերազմում օրեր շարունակ լուր չունենալով նրանից, ամեն վատ բան անցնում էր մտքովս։ Ասել, որ մտահոգ էի, կնշանակի ոչինչ չասել։ Միայն սեպտեմբերի 24-ին նրանց խումբը կարողացավ դուրս գալ շրջափակումից: Ուրախությանս սահման չկար, տներ ու ունեցվածք աչքիս չէին երևում, երազում էի րոպե առաջ հեռանալ թշնամու շրջափակումից, քանի ընտանիքս ողջ-առողջ է: Ուրախությունս, սակայն, շատ կարճ տևեց»,-Ա1+-ի հետ զրույցում ասում է սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի հետևանքով երկու եղբայրներին կորցրած Նորան: Մասնագիտությամբ իրավաբան է։ Գերազանցությամբ է ավարտել դպրոցն ու համալսարանը: Կրթությունը զուգահեռ աշխատանքի է անցել առաջին ատյանի դատարանում՝ սկզբից որպես դատավորի գործավար, այնուհետ՝ օգնական:

«2021 թվականին ծվատված Արցախում ծնվել է մեր որդին` Մոնթեն, ով իր ծնունդով ցրեց մեր սրտի խավարը։ Ընտանիքն ինձ համար կարևորագույն արժեք է, այդպես եմ տեսել ծնողներիս ստեղծած համերաշխ, աշխատող ու օրինակելի ընտանիքում: Սակայն, ճակատագիրը շատ դաժան ու անարդար գտնվեց մեր ու բազմաթիվ մեր բախտակիցների հանդեպ»… Մահվան սպառնալիքի ներքո սեպտեմբերի 25-ին հայրենիքի լքելու ճանապարհին մեքենայի մեջ սպասում էին հարազատները վառելիք վերցնեն, որպեսզի կարողանային ճանապարհը շարունակել։ «Ամուսինս մինչև կկայաներ մեքենան` երկու եղբայրներս ու ամուսինս, փեսաս արդեն բենզինի հերթում էին: Հետո մեր կյանքի ամենաողբերգական ու ահասարսուռ դեպքը եղավ… Անձրևի տակ թանձրացած ծխի ու ամբոխի աղմուկ աղաղակի մեջ ես փնտրում էի եղբայրներիս մեքենան՝ հույսով, որ կգտնեմ իրենց էլ այնտեղ, ամուսինս՝ կրակի շուրջ էր անհույս պտտվում... ապարդյուն»,-ասում է երիտասարդ կինը: Ինչպես ու երբ են հասել Հայաստան, դաժան երազի պես է հիշում Նորան: «Թե ինչքան փնտրեցինք երևանյան հիվանդանոցներում, հույսով ու հավատով... Ցավոք, նոյեմբերին հաստատվեցին ԴՆԹ նույնականացման պատասխանները, 3-ինն էլ»...

Ընտանիքն ամիսներ շարունակ ծանր հոգեբանական վիճակում էր։ Կորստյան ծանր ցավը ոչ մի բառով չի արտահայտվում։ Դատարկված ենք՝ ասում է։

«Մի պահ նկատել եմ, որ կտրվում եմ իրականությունից ու ագրեսիան անգամ սեփական երեխայիս չի խնայում, ներսիս ցավն ու մեղավորության զգացումը քայքայում էին ինձ: Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ ամբողջ ծանրությունն ավագ եղբորս ուսերին է, ով խեղդելով ներսի ցավը`հոգ էր տանում բոլորիս մասին, hասկացա, որ պարտավոր եմ կանգնել եղբորս կողքին` հանուն ծնողներիս ու զոհված եղբայրներիս ընտանիքների: Ընտանիքին օգնելու համար Նորան անհավանական ջանքեր էր գործադրում, փորձելով սփոփանքի խոսքեր գտնել հարազատների համար:

«Անելիքները շատ էին՝ մանավանդ կապված թղթաբանության հետ։ Մասնագիտությունս ու աշխատանքային փորձս շատ օգնեցին: Ապա մտածեցի, որ պետք է ընտրեմ այնպիսի աշխատանք, ինչն ինձ թույլ կտա մեծ գումար վաստակել, որպեսզի կարողանամ սրտիս ուզածը եղբայրներիս երեխաների համար անեմ»։ Այսպես իրավաբան Նորա Մանուչարյանը որոշեց յուրացնել պերմանենտ դիմահարդարի արհեստը: «Անկեղծ կլինեմ, երկրորդ մասնագիտություն ձեռքբերելու հիմնական նախապայմանն ինձ համար ֆինանսականն էր: Բավականին դժվար մասնագիտություն է, պատասխանատու: Ավարտելուց 2 ամիս անց սկսեցի աշխատել, բայց հիմնական դժվարությունները հենց այս փուլում ի հայտ եկան… Մինչ օրս իմ ամենամեծ ստիմուլը, որն ինձ առաջ է մղում` եղբայրներիս ընտանիքներն են, նրանց կանայք, ովքեր ինձ համար քույրեր են՝ երկար սպասված»: Ասում է՝ շատ անգամ է հուսահատությունը գլուխ բարձրացրել, սակայն նպատակը վեհ է, ստանձնած պատասխանատվությունը՝ պարտավորեցնող։

«Շատ եմ աշխատում, անընդհատ սովորում, որպեսզի բարելավեմ աշխատանքս, արդյունքս հիմա բավականին լավ է, բայց լավագույնի հասնելու համար նպատակ եմ դրել վերապատրաստվելու, կատարելագործվելու՝ անտեսելով դժվարությունները: Սովորելու հետ երբեք խնդիր չեմ ունեցել, բայց հիմա ինձ ամեն ինչ մեծ դժվարությամբ է հաջողվում, սթրեսն իսկապես քայքայում է առողջությունը: Այլևս ոչինչ առաջվանը չի կարող լինել... Երբեմն զարմանում եմ ինքս ինձնից, թե ինչպես եմ կարողանում հաղթահարել այն բոլոր դժվարություններն ու մարտահրավերները, որ կարծես հատուկ նպատակ են հետապնդում վերջնականապես կոտրելու ինձ, բայց նայում եմ երկնքին ու խաղաղվում՝ իմ ուժն այնտեղից է, եղբայրներիս կողքից,- զսպելով հուզմունքն ասում է Նորա Մանուչարյանը։ Նորայի մտահոգությունն այժմ ոչ միայն մինուճար որդուն մանկապարտեզում տեղավորելու հետ է կապած, որպեսզի կարողանա ազատ աշխատել, այլև համատարած անտարբերության։

«Թվում է, թե շրջապատում պետք է հասկանան դժբախտություն, ողբերգություն ապրած ընտանիքներին, կարեկցեն ու հոգեբանորեն աջակցեն, բայց հաճախ հանդիպող անտարբերությունն ու ատելությունը՝ պայմանավորված կոնկրետ անձանց գործողություններով, չգիտես ինչու տարածվում է բոլորիս վրա։ Մենք չպետք է քաղաքականության զոհ դառնանք։ Հայաստանը բոլորիս հայրենիքն է, ու նրա ճակատագրի հանդեպ մենք անտարբեր չենք»։

Նորայի փոքրիկ ընտանիքն այժմ բնակություն է հաստատել Երևանում, ինքն էլ աշխատում է Շենգավիթի գեղեցկության սրահներից մեկում: «Նպատակ չունեմ Հայաստանում երկար մնալու, հարազատներս տեղափոխվել են երկրից և ես նույնպես ուզում եմ մոտ լինել նրանց: Ամեն ինչն է դժվար, հուսալքված եմ, չեմ թաքցնի, բայց հույսով եմ կկարողանամ ամեն ինչ անել, որ գոնե մեր երեխաները չապրեն այն դժոխքը, որ մեզ է բախտ վիճակվել»,- ասում է զրուցակիցս։

 

Անահիտ Պետրոսյան