A
A
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը․ ՊԵԿ
Աջակցիր «Ա1+»-ինԻ՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը
Դրոշմավորումը հսկիչ (նույնականացման) նշանի՝ DataMatrix հատուկ թվային ծածկագրի տեղադրումն է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա։ Այն վաճառքից առաջ արտադրողի կամ ներմուծողի կողմից փակցվում կամ տպագրվում է ապրանքի փաթեթավորման վրա՝ հնարավորություն տալով տեսնելու, թե ապրանքը երբ և ում կողմից է արտադրվել կամ ներմուծվել երկիր և սպառման որ փուլում է այն գտնվում։
Ինչո՞ւ է անհրաժեշտ դրոշմավորումը
Դրոշմավորումը կարևոր է ապրանքաշրջանառության բոլոր մասնակիցների համար:
Պետությունն իրականացնում է վերահսկողություն շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ, պայքարում է զեղծարարության դեմ և ձեռք բերում լրացուցիչ գործիք՝ ստվերի դեմ պայքարի ու հարկային վարչարարության բարելավման գործում։
Սպառողը պաշտպանվում է անորակ և կեղծ արտադրանքից՝ հնարավորություն ունենալով e-Mark բջջային հավելվածի միջոցով ստուգել ապրանքի իսկությունն ու սպառման ժամկետը և վստահ լինել, որ ապրանքը համապատասխանում է պետության սահմանած որակի չափանիշներին։
Տնտեսվարողը պաշտպանվում է անբարեխիղճ մրցակցությունից, քանի որ շուկան զերծ է մնում կրկնօրինակումներից և կեղծված ապրանքների շրջանառությունից։
Ինչպե՞ս է աշխատում դրոշմավորումը
Ներմուծող կամ արտադրող ընկերությունը գրանցվում է ազգային օպերատորի համակարգում, ձեռք բերում DataMatrix ծածկագիր և մինչև օտարելը փակցնում այն ապրանքի վրա։ Ծածկագիրը թույլ է տալիս ապրանքաշրջանառության ցանկացած փուլում իրազեկ լինել ապրանքի տեղաշարժից։ Վերջնական սպառման ժամանակ ծածկագիրը սկանավորվում է վաճառակետում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։
Ինչպե՞ս սկսել դրոշմավորումը
Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունը պետք է գրանցվի ազգային օպերատորի e-Mark համակարգում հետևյալ քայլերով.
էլեկտրոնային կամ թղթային եղանակով ներկայացնել գրանցման դիմում,
կնքել պայմանագիր,
ստանալ համակարգից օգտվելու համար մուտքանուն և գաղտնաբառ,
գրանցել համապատասխան աշխատակիցներ համակարգից օգտվելու համար,
ձեռք բերել ծածկագրեր։
Ի՞նչ փուլերով է անցնում դրոշմավորումը
Պարտադիր դրոշմավորման ապրանքների ցանկը պարբերաբար ընդլայնվում է։ Յուրաքանչյուր ապրանքախումբ սկզբում անցնում է փորձնական ծրագրի փուլ, այնուհետև դրոշմավորումը դառնում է պարտադիր։ Փորձնական ծրագիրը ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալ օրենքի պահանջներին, տեխնիկապես պատրաստվել և ժամանակ ունենալ պարզաբանել առաջացած խնդիրները՝ աշխատելով ՊԵԿ-ի և ազգային օպերատորի մասնագետների հետ։
Ո՞ր ապրանքների վրա է կիրառվում
2023 թվականից Հայաստանում հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները և փաթեթավորված խմելու ջուրը։
Այժմ ընթանում են կաթնամթերքի, գարեջրի և գարեջրային խմիչքների, կոսմետիկական կամ դիմահարդարման և մաշկի խնամքի միջոցների, լվացող և մաքրող միջոցների, ոչ ալկոհոլային ըմպելիքների, պահածոյացված մթերքի, շոկոլադի և կակաո պարունակող սննդամթերքի, կենդանական և բուսական յուղերի, մակարոնեղենի և այլ մթերքների փորձնական ծրագրերը։
Ի՞նչ կլինի ապրանքը չդրոշմավորելու դեպքում
Ներմուծող կամ արտադրող ընկերության կողմից հսկիչ (նույնականացման) նշաններով ապարանքը չդրոշմավորելը համարվում է օրենքի խախտում և ենթակա է պատասխանատվության։ Իսկ մանրածախ վաճառքի կետում DataMatrix ծածկագիրը չսկանավորելը դիտվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, և պատասխանատվությունը կրում է վաճառքի կետը։