Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի աթլետները կմեկնեն Իսլանդիա

Սպորտ
754e55984cb0a96a3ce3b0dcef2f0abf

Հայաստանի աթլետիկայի կանանց եւ տղամարդկանց հավաքականները հունիսի 18-19-ը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կմասնակցեն Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ դիվիզիոնի մրցաշարին։ Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն 30 մարզիկ-մարզուհիներ, որոնք հանդես կգան 6 ձեւերում` հեռացատկ, եռացատկ, վազք, գնդի հրում, նիզակի եւ սկավառակի նետում։

Հայաստանից բացի 3-րդ դիվիզիոնի մրցաշարին մասնակցում են նաեւ Ալբանիայի, Անդորայի, Ադերբեջանի, Բոսնիայի, Կիպրոսի, Վրաստանի, Իսլանդիայի, Իսրայելի, Լուքսենբուրգի, Մակեդոնիայի, Մալթայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի հավաքականները եւ Եվրոպայի փոքր ազգերի միության միացյալ թիմը։ Մրցաշարում առաջին երկու տեղերը գրավող հավաքականները իրավունք կնվաճեն 2012 թ հանդես գալու Եվրոպայի թիմային առաջնության 2-րդ դիվիզիոնում։

Հիշեցնենք, որ նախորդ, 2010 թ առաջնությունում, Հայաստանի հավաքականը 15 մասնակիցների մեջ զբաղեցրել էր 8-րդ տեղը:

Ի դեպ, նույն օրերին կկայանան նաեւ մնացած դիվիզիոնների մրցումները: Եվրոպայի սուպերլիգայի մրցաշարը տեղի կունենան Ստոկհոլմում, 1-ին դիվիզիոնը` Իզմիրում (Թուրքիա), 2-րդ դիվիզիոնը` Նովի Սադում (Սերբիա):