Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց հունիսի 17-ը. «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկվեցին 4 ռազմական բժիշկներ (տեսանյութ)

1993-ի հունիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ստեփանակերտի եւ Աղդամի գնդակոծումը փոխադարձաբար դադարեցնելու համաձայնություն ձեռք բերվեց։

1999-ի այս օրը նախագահի վերահսկողության ծառայությունը հրապարակեց եզրակացություն այն մասին, թե ինչու են շատ քաղաքացիներ դուրս մնացել ընտրողների ցուցակներից։ Պարզվեց՝ մեղավորը համակարգիչն է եղել; Հայաէրոնավիգացիան տեխնիկապես զինվում է։ Դարն ապրած, հնացած հաղորդակցության միջոցները փոխարինվում են նորերով։ Մտահոգիչն այն է միայն, որ այս ամենի համար բացի դրամաշնորհ ստանալուց, հայկական կողմը նաեւ 2մլն 350 հազար դոլարի վարկ է վերցրել։

2001-ի հունիսի 17-ին դատարանի դահլիճից ազատ արձակվեց հոկտեմբերի 27-ի գործով վեց մեղադրյալ, որոնց նկատմամբ կիրառվել էր քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն հռչակման 1 700-ամյակի առիթով ընդունված համաներումը։ Գունավոր մետաղների վաճառքը շահութաբեր բիզնես է, ինչը մի շարք գործարանների թալանի առիթ է հանդիսացել։

1995-ից մասնավորեցված պոմպերի գործարանի թվով 3-րդ տնօրենը 2001-ի այս օրը դժգոհում էր, թե նախկին տնօրենները վաճառել են պիտանի գույք։ Ի դեպ, գործարանի այլ պատասխանատուներ նույն օրը պնդում էին, որ գործող տնօրենն էլ, շարունակելով նախկինների աշխատաոճը, վաճառում է այն, ինչը դեռ հնարավոր է վաճառել։ 2001-ի այս օրը սոցապնախարարությունում բացվեց «Նեմրութ» տեղեկատվավերլուծական կենտրոնը, որը պետք է քաղաքացիների համարակալում իրականացներ եւ հատկացներ սոցիալական քարտեր։ Հետագայում համարվեց, որ Նեմրութն օտարահունչ, վտանգավոր կոդ պարունակող անվանում է եւ կենտրոնը վերանվանվեց «Նորք»։ 2001-ի հունիսի 17-ին ԱԻՄ-ը, Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, ուղեւորվեց Սպիտակավոր եկեղեցի, ուր հանգչում է Գարեգին Նժդեհի աճյունը։ Հայրիկյանը հայտարարեց, որ Նժդեհը բոլոր ժամանակների ամենահալածված գործիչն է։

2009-ի այս օրը որոշվեց, որ խաղատները Երեւանից եւ մերձակա տարածքներից պետք է տեղափոխվեն տուրիստական գոտիներ։ 2012-ի հունիսի 17-ին գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեցին 4 ռազմական բժշկներ, որոնցից Վահե Ավետյանը հունիսի 29-ին մահացավ։

Հունիսի 30-ին «Հարսնաքար»-ի մոտ մոմավառություն կազմակերպեցին հասարակական ակտիվիստները։ Բողոքի ակցիաներ, երթեր, ցույցեր անցկացվեցին Վահեի հուղարկավորության օրն ու հաջորդող օրերին։

Հուլիսի 3-ին Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին՝ նշելով, թե ինքը կատարվածի համար բարոյական պատասխանատվություն է զգում։ Վահեի մահվան 40-րդ օրը բողոքի ակցիա տեղի ունեցավ Հայրապետյանի առանձնատան մոտ, որի մասնակիցները երթով շարժվեցին դեպի «Հարսնաքար», ուր եւ մոմավառություն կազմակերպվեց։ 2013-ի այս օրվա մի խումբ ազատամարտիկների բողոքի ակցիայի պահանջները սոցիալական էին։ Այս ելույթից կարճ ժամանակ անց Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվեց ու մինչ օրս ազատազրկման մեջ է։