ՄԻՊ-ը չհայտարարված այցեր է իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները (Կանխարգելման ազգային մեխանիզմ) հունիսի 12-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր։
Այցեր են իրականացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1, Շենգավիթ, Կենտրոն և Ավան նստավայրեր:
Ուսումնասիրվել են նշված դատարանների ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները և նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցները։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, դատարանների աշխատակազմերի, դատական կարգադրիչների և Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողների հետ:
Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են հետևյալ խնդիրները՝
Խցային անբավարար պայմաններ են արձանագրվել Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերի խցերում: Կենտրոնի և Ավանի խցերի սանհանգույցները հիմնական կոյուղագծին միացված չլինելու պատճառով չեն շահագործվել, և ազատությունից զրկված անձինք Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողների հետ միասին օգտվել են խցային հատվածի միջանցքում տեղակայված սանհանգույցից: Ավանի և Կենտրոնի նստավայրերի խցերում չի եղել նաև հոսող ջրին հասանելիություն:
Աջափնյակ-1 նստավայրի բոլոր խցերում, իսկ Կենտրոն և Ավան նստավայրերի որոշ խցերում բացակայել են պատուհանները և բնական ու արհեստական լուսավորությունը:
Արձանագրվել են նաև խցերի անբավարար քանակի պատճառով ազատությունից զրկված անձանց պատշաճ պահման պայմանների հետ կապված խնդիրներ: Մասնավորապես, ստացված տեղեկությունների համաձայն՝ ազատությունից զրկված անձնաց մեծ թվով և դատարանի խցերի սակավ քանակով պայմամանավորված՝ մեկ խցում ստիպված են լինում պահել մինչև անգամ 10 և ավելի անձանց (Կենտրոնի նստավայր, խցի մակերեսը մոտ 10քմ) կամ մինչև դատական նիստի սկսվելը վերջիններիս պահում են Ոստիկանության ուղեկցող գումարտակի տրանսպորտային միջոցներում (Շենգավիթի նստավայր):
Ուսումնասիրված խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն եղել ամբողջական պատով և չեն ունեցել դռներ: Ավելին, որոշ խցերում կիսապատերն այնքան կարճ են եղել, որ ամբողջությամբ չեն ծածկել անձին: Այս վիճակը հատկապես անընդունելի է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր
կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից: Հարցը շարունակում է ավելի զգայուն մնալ այն պարագայում, երբ ազատությունից զրկված անձը կին է, իսկ ուղեկցող գումարտակի աշխատակիցները հիմնականում տղամարդիկ են։
Անընդունելի է նաև այն, որ խցերի սանհանգույցները հիմնականում ասիական տիպի են, և դատարանների խցերն ու դրանց սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանների շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին, խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է:
Բացի այդ, դիտարկված բոլոր խցերն ունեցել են նաև վերանորոգման կարիք․ պատերի ծեփամածիկները եղել են թափված, տեսանելի են եղել ճաքեր:
Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերի խցերում բացակայել են հիգիենիկ պարագաները՝ օճառը, սանիտարական թուղթը, իսկ աղբամաններ առկա են եղել ոչ բոլոր խցերում:
Որևէ խցում առկա չեն եղել ազատությունից զրկված անձանց համար նախատեսված սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ: Ուսումնասիրված նստավայրերի բոլոր խցերում բացակայել է սեղան, սպասք և այլն:
Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ ազատությունից զրկված անձանց քրեակատորողական հիմնարկներից սնունդ չի տրամադրվում։
Ուսումնասիրված նստավայրերում արձանագրվել է դատարանի խցերում պահվող անձանց համար բերված հանձնուքների ընդունման ոչ միասնական պրակտիկա: Մասնավորապես, Աջափնյակ-1, Շենգավիթ և Կենտրոն նստավայրերի խցերում պահվող անձանց համար հանձնուքներ առհասարակ չեն ընդունվում, իսկ Ավանի նստավայրում ընդունվում են միայն ձերբակալված անձանց համար բերված հանձնուքները՝ այն էլ Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծաայողների համաձայնության դեպքում:
Խնդիրներ են արձանագրվել նաև ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնություն ստանալու և փաստաբանների տեսակցությունների կազմակերպման հետ կապված: Ըստ տրամադրված տեղեկությունների՝ անձի և նրա փաստաբանի հանդիպումը դատարանի շենքում առանձին դեպքերում կազմակերպվում է դատական նիստերի դահլիճում՝ մինչ դատական նիստն սկսելը:
Մշտադիտարկման ժամանակ ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց դատարան տեղափոխման համար շահագործվող տրանսպորտային միջոցները․ մեքենաների խցերի չափերը չեն համապատասխանել միջազգային չափանիշներին․ չունեն բավարար լուսավորություն և օդափոխություն, հարմարեցված չեն տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց կարիքներին։
Այս խնդիրներն ունեն համակարգային բնույթ և մշտապես արձանագրվում են Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում:
Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու պետական մարմիններին: