A
A
Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը
Աջակցիր «Ա1+»-ինՀաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։
Ըստ այդմ, միջոցառման շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝
հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում),
հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար,
օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։
Միջոցառումն իրականացվում է 3 փուլով՝
Առաջին փուլում կարող են ընդգրկվել՝
․ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
․ 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
․ զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,
․ գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,
․ ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։
Երկրորդ փուլում կարող են ընդգրկվել՝
2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն։
Երրորդ փուլում կարող են ընդգրկվել՝
․ ցանկացած կազմով ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն առաջին երկու փուլերում։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։
Աջակցության չափը կազմում է՝
• 5 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է ներդրումային առաջնահերթություն ունեցող հետևյալ քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 1),
• 4 մլն դրամ, եթե տունը կամ բնակարանը ձեռք է բերվում/կառուցվում է հետևյալ ներդրումային առաջնահերթություն ունեցող քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 2),
• 3 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է վերոնշյալ անվանացանկերում չներառված բնակավայրերում (բացառություն կկազմեն Երևանի 1-ին և 2-րդ գոտիները),
• 2 մլն դրամ աջակցություն, եթե առկա է գործող հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտիներում գտնվող գույքի։