Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հրազդան գետը մաքրվում է. քաղաքապետարան (տեսանյութ)

Հրազդանի կիրճում մաքրվում  և ընդլայնվում է գետի հունը: Տասնամյակների աղբն ու տիղմը դուրս է բերվում՝ թողունակությունը մեծացնելու համար:
«Տիղմ էր հավաքված՝ հողային զանգված, որի  պատճառով նեղացել էր գետի հունը, ջրի թողունակությունը փոքրացել էր 60-70 տոկոսով: Այժմ հունը բացում, մաքրում ենք»,- նշում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
Երևանի քաղաքապետարանն այս տարվա ծրագրով նախատեսում  է մոտ 9000 խմ աղբ տեղափոխել: Առայժմ աշխատանքները մեկ կետում են ընթանում: Տեխնիկան աշխատում է հենց գետի մեջ: 
«Մայիսի վերջից սկսել ենք աշխտանքները: Միաժամանակ  12-14 միավոր տեխնիկա է այստեղ աշխատում, և արդեն 100-150 մ մաքրել ենք»,-ասում է աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավարը:
«Ընտրվում են ամենախոցելի, ամենաբարդ հատվածները, որտեղ ջրի մակարդակը կարող է բարձրանալ և տարատեսակ լուրջ խնդիրներ առաջացնել: Ամբողջ երկայնքով գետը մաքրելու համար անհրաժեշտ է մի քանի տարի»,-ընդգծում է Կարոյանը:
Հրազդանի կիրճը Երևանի բնական համակարգի ամենակարևոր հատվածն է: Քաղաքապետարանը մտադիր է փոխել նաև Հրազդանի կիրճի կարգավիճակը՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք: Այդ առումով կենսաբազմազանության մասնագիտական ուսումասիրություններն սկսվել են դեռ նախորդ տարեվերջին: 
«Ճշտելով փաստացի իրավիճակը՝ պատրաստելու ենք կառավարության որոշում, որով կիրճին տրվելու է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ:  Դրանից հետո հողերի նշանակությունը կփոխվի, կդառնա բնապահպանական և նոր կառուցապատումներ կիրճում տեղի չեն ունենա»,-նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը:
Քաղաքապետարանի համար առաջանահերթ է Երևանի ջրային համակարգերի, այդ թվում՝ մասնավորապես Հրազդանի պահպանումն աղտոտումից: Ամեն տարի այդ նպատակով է նաև մաքրվում գետի վտակների հունը: