Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դանիել Իոաննիսյան
A A
Պաշտոնական

Լուսաձայնային նռնակները կիրառվել են սահմանված կարգի խախտմամբ․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառումը. 

««Իրազեկ քաղաքացիների միավորումում» ուսումնասիրեցինք քաղաքացիների և ոստիկանների բախման տեսագրությունները (այդ թվում մեր՝ օդից նկարահանածը): Արձանագրվել է լուսաձայնային նռնակի շուրջ 25 կիրառում (որոշ կադրերում երևում/լսվում է 32 պայթյուն):

Թեև ապօրինի ու ագրեսիվ գործողությունների նախաձեռնողը եղել են ցուցարարները՝ իրենց առաջնորդ Վազգեն Գալստանյանի դրդմամբ, սակայն հարկ է նկատել ոստիկանության մի շարք սխալներ և օրինախախտումներ:
 
Մասնավորապես՝
1. Ոստիկանությունը պատշաճ պատ/շղթա չի կազմել Սիրահարների այգու ֆլանգում, որի հետևանքով ցուցարարների կողմից այգի մտնելը հանգեցրեց ոստիկանական պաշտպանության «փլուզմանը»: Այդ ֆլանգում (օրինակ՝ այգու պարսպի մոտ) ոստիկանական շղթա նախատեսելու դեպքում ոստիկանական շարքերը չէին ճեղքվի, հատուկ միջոցի կարիք չէր առաջանա:
 
2. Որևէ օբյեկտիվ փաստ չգտանք, որը կվկայեր, որ քաղաքացիները նախազգուշացվել են հատուկ միջոցների կիրառման մասին` ի հեճուկս օրենքի պահանջի:
 
3. Ստեղծված իրավիճակում համաչափ և անհարժեշտ են եղել Սիրահարների այգու առաջին 3 և Դեմիրճյան փողոցի առաջին 2 լուսաձայնային նռնակների կիրառումը, որոնցից հետո ամբոխի ագրեսիան դադարել էր: Դրանից հետո առանձին ագրեսիվ կադրերին կարելի էր մեկուսացնել՝ առանց հատուկ միջոցների:
 
4. Մնացած շուրջ 20 նռնակները կիրառվել են նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ: Արձանագրվել են դեպքեր (հիմնականում՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում), որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվում էր արդեն իսկ կիրառված նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնության հասնողների նկատմամբ:
 
5. Լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել կիրառվելու՝ մարդկանցից նվազագույն (2,5 մետր) հեռավորությունը, որի հետևանքով էլ քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ:
 
6. Ձեռքի (ափի) էական վիրավորում ստացած քաղաքացին այն ստացել է իր ոտքերի տակ ընկած (դեռևս չպայթած) նռնակը վերցնելու հետևանքով: Նման իրավիճակ չէր կարող լիներ, եթե ոստիկանության կողմից պահպանվեր նախորդ կետում նշված 2․5 մետրը:
 
Հետևապես, կարելի է արձանագրել, որ ոստիկանությունը նախապես չէր կատարել նման իրավիճակից խուսափելու բոլոր հնարավոր միջոցները, իսկ ցուցարարների նախաձեռնած բախումը սկսելուց հետո հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները (որի հետևանքով տասնյակ մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ):