Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը․ Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված ընդունելությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին մասնակցել է Հայաստանում Վրաստանի դեսպանատանն անցկացվող Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված ընդունելությանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական խոսքով:
«Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ հարգելի՛ պարոն Դարսալիա,
Հարգելի՛ պարոն Շարվաշիձե,
Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանության հարգելի՛ անդամներ,
Հարգելի՛ դեսպաններ, հյուրեր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ջերմորեն շնորհավորում եմ եղբայրական Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ:
Հպարտությամբ պետք է նշեմ, որ պատմական դժվարին շրջափուլերը մեր եղբայրական ժողովուրդները հաղթահարել են միասնական պայքարի եւ համագործակցության միջոցով՝ միահյուսելով մեր ժողովուրդների պատմությունն ու մշակույթը»,- ելույթի սկզբում նշել է խորհրդարանի ղեկավարը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ վերջին ժամանակներում աննախադեպ սերտ համագործակցություն է ծավալվում ինչպես երկու երկրների օրենսդիր մարմինների, այնպես էլ Հայաստանի եւ Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջեւ:
«Անշուշտ, անվերջ կարելի է խոսել հայ-վրացական եղբայրության, բարեկամության, մշակութային համատեղ հարուստ ժառանգության, ընդհանուր արժեհամակարգի եւ մեր նմանությունների մասին:
Թույլ տվեք վերստին շնորհավորել եղբայրական Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ:
Կեցցե՛ անկախ Վրաստանը:
Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը»,- ասել է ԱԺ նախագահը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնյաներ: