Բացել լրահոսը Փակել լրահոսը
447815587_418364427829054_4915420662829355322_n
A A
Հասարակություն

Նոր կարգավորմամբ՝ ընտրողները հանրամատչելի, հրապարակայնորեն հասանելի եղանակով կծանոթանան ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկատվությանը

Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով քվեարկության օրվան նախորդող 40-րդ եւ 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները տեղադրվեն նշված գերատեսչությունների պաշտոնական կայքերում:
Ընտրական ցուցակները պետք է պարունակեն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա եւ ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ վերջնական ցուցակը պետք է պարունակի նաեւ ընտրական տեղամասի համարի եւ տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է թղթային տեղեկացումների նամակներից ազատվելու անհրաժեշտությամբ:
Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները:
Զեկուցողը տեղեկացրել է, որ հետագայում ԿԸՀ-ն նաեւ որոշակի հավելվածի զարգացման առաջարկ է ներկայացնելու, որի միջոցով ընտրողը կարող է ծանոթանալ իր ընտրատեղամասի հասցեի եւ գտնվելու վայրի հետ կապված տեղեկատվությանը: Նա նշել է, որ դրա նախնական դրսեւորումները ներկայումս տեղադրված են ԿԸՀ-ի պաշտոնական կայքում:
Արմեն Ղազարյանի խոսքով՝ գործող կարգավորումներն ընդունվել են դեռեւս 2006 թվականին: Գործող հրամանով՝ ընտրական ցուցակները փոխանցվում էին «Հայփոստ» ՓԲԸ-ին, վերջինս թղթային եղանակով ծանուցումներ էր ուղարկում:
«Դրանք շատ դեպքերում չեն հասել, շատ դեպքերում վերադարձվել են` չպահանջված նշումով: Տեղեկացման այս եղանակն այլեւս արդյուանվետ չէ, նաեւ էական ծախս է պետբյուջեի համար»,-արձանագրել է զեկուցողը եւ տեղեկացրել, որ Երեւանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 մլն դրամ. ընտրություններում կար 827 000 ընտրող:
«Վերջին անգամ ընտրողների ռեգիստրը, որը տեղադրվել է ԿԸՀ կայքում, այս ամսվա մեկնարկին էր. մենք ունեցել ենք 2,4 մլն ընտրող: Եթե այս հաշվարկով գնանք, ապա հաջորդ համապետական ընտրություններին ծախսը կարող է գերազանցել 800 մլն դրամը, եւ դա չարդարացված ծախս կլինի՝ հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացման եւ տեղեկատվությունը մարդկանց հասցնելու եղանակների ժամանակակից հնարավորությունները»,-ասել է Արմեն Ղազարյանը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարակից զեկույցում դրական է գնահատել օրենսդրական առաջարկը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: