Երևանի 46–ամյա բնակիչը կալանավորվել է՝ իր հորեղբոր որդուն ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 46–ամյա բնակչի կողմից իր հորեղբոր որդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Արեշ 41-րդ փողոցում գտնվող տան մոտ 46–ամյա տղամարդու և վերջինիս հորեղբոր որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահվող «Б» մոդելի 16 տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով 46–ամյա տղամարդը կրակոց է արձակել իր զարմիկի ուղղությամբ՝ վերջինիս ձախ ոտքի շրջանում դիտավորությամբ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության հնարավոր գործիք նշված հրազենը։ 46-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք։
Որպես խափանման միջոց՝ վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե