Գրիգոր Մինասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
Աջակցիր «Ա1+»-ինԳրիգոր Մինասյանը «Սևան» ՔԿՀ-ում ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին. Ցմահ դատապարտյալների հետ քննարկվել են պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Սևան» քրեակատարողական հիմնարկում:
Նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմաններին, շուրջ 100 դատապարտյալի համար նախատեսված նոր կացարանի կապիտալ նորոգման աշխատանքներին, սննդի մատակարարման և հանձնուքների ընդունման գործընթացին: Քրեակատարողական ծառայության պետը նախարարին ներկայացրել է առաջիկա տարիներին նախատեսված աշխատանքների ծրագիրը:
Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է ցմահ ազատազրկված դատապարտյալներին, ծանոթացել նրանց խնդիրներին։ Հանդիպմանը Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի և Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի մասնակցությամբ քննարկվել է դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նոր չափորոշիչների փորձնական գործարկումը։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից այցի ավարտին տրվել են հանձնարարականներ։