Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-06-05 115955
A A
Քաղաքականություն

«Հայաստանը խուսափում է ՌԴ ԱԳՆ-ի և ՊՆ-ի հետ շփումներից». Գալուզին

Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների գծով շփումների նկատմամբ․ դա Արևմուտքի ճնշման արդյունքն է։ Նման հայտարարություն է արել  ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ТАСС-ի հետ զրույցում։

«2023 թվականի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպումներ չեն եղել: Գործընկերները հետաքրքրություն չեն ցուցաբերել մեր առաջարկի նկատմամբ՝ մշակել և կնքել արտաքին գործերի միջնախարարական խորհրդակցությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղավորությամբ չէ, որ նվազել է պաշտպանական գերատեսչությունների միջև շփումների դինամիկան։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Դրանում տեսնում ենք Արևմուտքի ճնշման արդյունքը, որը փորձում է Երևանին ստիպել նվազագույնի հասցնել մեր երկրի հետ կապերը»,- ասել է Գալուզինը։

Նա հավելել է, թե հույս ունեն, որ «ՀՀ իշխանությունների հրապարակային հնչեցված մտադրությունը խնդիրների շուրջ աշխատելու վերաբերյալ գործնականում կկիրառվի, և իրենք պատրաստ են դրան»։

Գալուզինը նաև նշել է, որ երկկողմ շփումները Մոսկվայի ու Երևանի միջև չեն դադարում։ Նա ընդգծել է, որ մայիսի 8-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում մանրամասն զրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ փետրվարին է հանդիպել իր հայ գործընկերոջ հետ։

«Ավելի էական արդյունքները մեզ մոտ առևտրատնտեսական ոլորտում են։ Տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ է աշխատում։ Նրա համանախագահները՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պարբերաբար շփվում են, այդ թվում՝ ԵՏՄ-ի հանդիպումների շրջանակում։ Մենք համագործակցում ենք հայ գործընկերների հետ մշակութային և հումանիտար ուղղությամբ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։