Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Միջպետական ճանապարհը փակելուց հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային․ ՔԿ (տեսանյութ)

Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու վարույթի նախաքննությունը, չորս անձի մասով, ավարտվել է (տեսանյութ)

Ավարտվել է 2024թ․ ապրիլի 21-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, մի խումբ քաղաքացիների կողմից տևական ժամանակ միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 4 անձի մասով։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատված ժամանած բազմաթիվ քաղաքացիներ, սահմանագծման և սահմանազատման հարցերի շուրջ ունեցած դժգոհությունների պատճառով, 2024թ. ապրիլի 21-ին տևական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը: Նույն օրը՝ ժամը 15։50-ի սահմաններում, Այրում բնակավայրի բնակիչը միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներից պահանջել է բացել ճանապարհը և իր վարված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը:

Վերջիններս, այդ թվում՝ Ա․Պ․–ն, Հ․Ղ․–ն, Ա․Ա․–ն, Վ․Մ․–ն, տվյալ հատվածով երթևեկել ցանկացող Այրումի բնակչի ու մյուսների մոտ վախ առաջացնելու նպատակով, համակեցության կանոնների ցուցադրաբար խախտմամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել հիշյալ բնակչի և նրա գործողությունները սատարող քաղաքացիների հասցեին։

Անտեսելով ակցիայի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ առերևույթ խուլիգանական արարքները դադարեցնելու մասին պահանջները՝ նշված անձինք հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային՝ վնասելով դրա տարբեր հատվածները և կոտրելով դիմապակին։ Բացի այդ, նշված անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով վնասել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի անվադողը:

Այդ կերպ նշված անձինք մոտ 10 րոպե շարունակ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, խմբի կազմում կատարել են առերևույթ խուլիգանական արարքներ, որոնք դադարել են Ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոնշյալ չորս անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հիշյալ չորս մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Առերևույթ խուլիգանական արարքներում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, նրանց արարքներին համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ։

 

Տեսանյութը կարող եք դիտել՝ այցելելով՝ https://www.youtube.com/watch?v=OyIosYbbeqg

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե