Բացել լրահոսը Փակել լրահոսը
566
A A
Հասարակություն

Որոշել եմ PR մասնագետ դառնալ, ինչը հետագայում կնպաստի իմ բիզնեսի զարգացմանը. 17-ամյա գործարար

«Սիրում եմ, երբ մարդիկ ուրախ են, ժպտում են։ Փորձում եմ ինձ շրջապատող մարդկանց ուրախություն պարգևել, մանավանդ Արցախից բռնի տեղահանվելուց հետո, երբ բոլորի դեմքերից ժպիտը պակասել է»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է 17-ամյա Աննա Սևիկյանը, ով մանկության սիրած զբաղմունքը վերածել է բիզնեսի։ «Ansfluffy_toys»-ը որպես բրենդ մեկ տարի առաջ է ստեղծվել։ Անվանական, անփլուզ խաղալիքներ գործելու հիմնական նպատակը մեծերի ու փոքրերի դեմքին ժպիտ նկարելն է։ «Ձեռագործ խաղալիքներ պատրաստում եմ մանկուց։ Այդ շնորհը սերնդեսերունդ է փոխանցվել ինձ։ Փոքր ժամանակ մեծ հետաքրքրությամբ էի հետևում, թե ինչպես է մայրս մեզ համար շորեր գործում։ Այդ գործընթացն ինձ շատ հետաքրքրեց, և սկսեցի տիկնիկներիս համար շորեր գործել։ Հետագայում արդեն հասկացա, որ ինձ ավելի շատ հոգեհարազատ է խաղալիքներ պատրաստելը։ Սկզբում, իհարկե, լավ չէր ստացվում, և այնքան էլ սիրուն չէր լինում։ Հիմա արդեն հմտացել եմ աշխատանքիս մեջ և փոքր-ինչ գոհ եմ արդյունքից»։ Հոբին բիզնես դարձնելու մտահղացումը եղել է մայրիկինը։ Ինչպես և Արցախում էր՝ հիմա էլ պատվերներն ամրագրում է օնլայն տարբերակով։ « Իմ ամենամեծ քննադատն ու ուղղորդողը մայրս ու քույրս են, ինչն ուրախալի է, քանի որ միչև պատվիրատուին պատվերը հասնելը՝ անթերի տեսքի է բերվում։ Անում եմ ամեն ինչ, որպեսզի պատվերը նրանց սրտով լինի»։

 

Արցախում Աննայի գործունեությունը կարճ տևեց։ Շրջափակում, ապա բռնի տեղահանություն եղավ։ Մայր Հայրենիքում հաստատվելուց հետո նա վերսկսել է տիկնիկներ գործելը՝ ամեն կերպ փորձելով օգտակար լինել ծնողներին։ Մյուս կողմից էլ սիրած զբաղմունքն օգնում էր ազատվել կուտակված բացասական էներգիայից։ Ընտանիքը բնակություն է հաստատել Արարատի մարզի Ավշար գյուղում, ապա տեղափոխվել Արարատ, որտեղ էլ Աննան ավարտել է ավագ դպրոցը։ «Հայաստան տեղափոխվելուց հետո Արցախում գործած խաղալիքներս վաճառվեցին։ Ժպիտը կփրկի աշխարհը՝ սա իմ աշխատանքի նպատակն է։ Ու այդ ժպիտները հասել են տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում ապրող իմ հայրենակիցներին,- ասում է սկսնակ գործարարը։ Մինչև 8-րդ դասարանը Աննան սովորել է Իվանյանի, ապա ուսումը շարունակել Ասկերանի միջնակարգ դպրոցում։

«Չնայած այստեղ մեզ շատ լավ են ընդունել, սակայն սկզբնական շրջանում չէի ուզում ուսումս շարունակել, նոր շրջապատ, նոր ընկերներ, նոր դասարան ունենալ։ Ծնողներիս ճիշտ մոտեցման և բարին կամեցող մարդկանց շնորհիվ գնացի դպրոց։ Իրականում չեմ փոշմանում, որովհետև թե՛ դասընկերներս, թե՛ ուսուցիչներս շատ լավ ընդունեցին։ Կյանքը շարունակվում է, և մենք այսօր ավելի քան երբևէ պարտավոր ենք արժանապատվորեն ապրել, ունենալ հստակ նպատակներ, դրանց հասնելու համար պատրաստ լինել դիմակայել դժվարությունների։ Մեր սերնդի ուսերին մեծ պատասխանատվություն կա, ուստի պարտավոր ենք պատվով հաղթահարելու այդ ամենը»,- մտորում է զրուցակիցս։ Տարածութունն ու հեռավորությունը գուցե շատերին իրարից բաժանեցին, սակայն սիրտ ու հոգի շարունակում են միասնական գործել։ Այդ է թերևս պատճառը, որ բազմաթիվ դպրոցականներ իրենց վերջին զանգի արարողությունն իրականացրել են նաև արցախյան դպրոցների համադասարանցիների հետ՝ սպասված հանդիպումով։ «Սրտատրոփ սպասում եմ մայիսի 31-ի՝ համադասարանցիներիս հետ հանդիպմանը։ Այնքան բաներ կան իրար պատմելու, կիսվելու։ Բոլորս մեր վերջին զանգն այլ կերպ էինք պատկերացնում։ Սակայն՝ ճակատագիրն այլ կերպ տնօրինեց։ Ներկայում պատրաստվում եմ միասնական քննություններիս։ Որոշել եմ PR մասնագետ դառնալ, ինչը հետագայում կնպաստի իմ բիզնեսի զարգացմանը»։ Հայրենիքից հարկադրաբար տեղահանվելուց առաջ Աննան հասցրել է վերջին անգամ տուն մտնել ու առաջին բանը, որ վերցրել է՝ մանկության խաղալիքներն են, լուսանկարներն ու շրջափակման պայմաններում գործած խաղալիքները։ «Քննություններից հետո ավելի մեծ ու նոր տեսականի կներկայացնեմ իմ սպառողներին։ Չնայած դժվարությունները շատ են, սակայն աշխատում եմ նորարարական ելքեր գտնել ու ներկայանալ գրավիչ առաջարկներով։ Այստեղ Winner lab-ի կազմակերպած արցախցի ձեռագործ իրերի ցուցահանդեսին եմ դեռևս կարողացել մասնակցել, բայց նպատակներ ունեմ, որոնք կյանքի կոչելու համար գործադրելու եմ բոլոր ջանքերս»։ Անահիտ Պետրոսյան