Բացել լրահոսը Փակել լրահոսը
arac
A A
Հասարակություն

Մայիսի 23-ը Արցախի ժուռնալիստների մասնագիտական օրն է

Մինչև բռնատեղահանումն Արցախում մասնագիտական տոների շարքում նշվում էր նաև լրագրողի օրը։ Չորրորդ իշխանության ներկայացուցիչների մասնագիտական օրվա ստեղծման ջատագովն Արցախի ժուռնալիստների միությունն էր։

«Երբ  լրագրողական կազմակերպության նախաձեռնությամբ 2009 թվականի մայիսի 23-ին Ստեփանակերտում նշվեց Արցախում առաջին պարբերականի՝ «Հայկական աշխարհ»-ի լույս ընծայման 135-ամյակը, որոշվեց այդ օրը սահմանել իբրև Լրագրողի օր։ Դա նաև Արցախում հայ մշակույթի հնամենիության շեշտումն էր, իսկ լրագրությունն իրավամբ համարվում է մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկը»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է միության նախագահ Կիմ Գաբրիելյանը։

Նկատենք՝ «Հայկական աշխարհ»-ը, որի հիմնադիրը ծնունդով թիֆլիսցի, ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ և բանաստեղծ Խորեն Ստեփանեն էր, հրատարակվել է Շուշիում, որի ազգային պատկանելության վերաբերյալ ադրբեջանական քարոզչությունը բազմաթիվ կեղծ թեզեր է տարածում նաև այսօր։

«Արցախի ԺՄ-ն պաշտոնական առաջարկ ներկայացրեց Արցախի կառավարությանը, որի համապատասխան որոշմամբ էլ 2010  թվականից այն ներառվեց մասնագիտական տոների ցանկում։ Լրագրողական կառույցը նույն ժամանակահատվածում պատրաստել և հրատարակել է «Արցախի պարբերական մամուլի պատմությունից․ 1874-2009թթ․» ձեռնարկը (աշխատասիրությամբ՝ պատմական գիտությունների թեկնածու, ԱրԺՄ վարչության անդամ Մհեր Հարությունյանի) և «Լրագրողական հանրագիտակ»-ը, որտեղ ներկայացված են Արցախում ու նրա սահմաններից դուրս երբևէ լրագրողական գործունեություն ծավալած ավելի քան 400 արցախցիների կենսագրական-ծանոթագրական տվյալներ»։

Ինչպես մեր զրույցի ընթացքում տեղեկացրեց միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, ներկայումս հանրագիտակը համալրվել է ևս մի քանի հարյուր անուններով, և մտադրություն կա վերջնական սրբագրումներից հետո այն հանրագիտարանի ձևով, Արցախի մամուլի պատմության վերաբերյալ ձեռնարկի հետ միասին, վերահրատարակել Երևանում։ Դա, անշուշտ, դժվար իրականանալի  նախաձեռնություն է, հատկապես կապված հրատարակչական մեծ ծախսերի հետ, բայց Կ․Գաբրիելյանը հույս  ունի, որ գործն անպայման գլուխ կբերվի։

Ի դեպ, նրա նախաձեռնությամբ է վերջերս իրականացվել «Լուսարար» կրթամշակութային թերթի վերահրատարակումը Երևանում։

Խոսելով լրագրողական համայնքի խնդիրների ու անելիքների մասին միության նախագահը նշեց.

«Նախատեսվում է առաջիկայում հիմնադրել գրական-հասարակական եռամսյա հանդես, որի հրատարակումն իրականացնելու  ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ տարվում են։

Խնդիրն արցախցի լրագրողներին հայկական մեդիադաշտին լիարժեք ինտեգրումն է, որն այսօր թե՛ մասնագիտական որակի բարձրացման, և թե՛ սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման առումով կարևոր նշանակություն ունի։ Մենք շատ ուրախ կլինեինք, եթե հայաստանյան գործընկեր կառույցների ու  լրատվամիջոցների պատասխանատուների կողմից ավելի շատ աջակցություն լինի այդ հարցում։ Ի դեպ, այս տարի լրանում է Շուշիում  «Հայկական աշխարհ»-ի լույս ընծայման 150-ամյակը, և արժե այն պատշաճ ձևով նշել»,-ասաց Կիմ  Գաբրիելյանը։

 

 Անահիտ Պետրոսյան