Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատոմակայանում ստուգումներն ավարտվել են (տեսանյութ)

Տնտեսություն
4694649da391e95188822613bcb3e61f

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ստուգումներ էր անցկացրել հայկական ԱԷԿ-ում ու եկել ինչպես դրական, այնպես էլ բացասական եզրահանգումների: Գործակալությունը Հայաստանում է ՀՀ Կառավարության հրավերով:

«Մենք չենք գնահատում` լավն էր, թե վատ, այլ արձանագրում ենք այն ոլորտները, որտեղ հնարավոր է բարձրացնել անվտանգության աստիճանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց առաքելության ղեկավար Վամուշ Գաբորը` ավելացնելով, որ ստուգումների ընթացքում ոչ մի արտակարգ բան չեն արձանագրել:

Առաքելությունը հայկական ԱԷԿ-ին 16 խորհուրդ, 14 առաջարկ է տվել եւ կատարել 7 գործնական քայլ: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ 2015թ.-ին լրանում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, պարոն Գաբորը վստահեցրեց, որ աշխարհում կան շատ երկրներ, որոնց ատոմակայանների շահագործման ժամկետը երկարաձգվել է եւ դա ավելորդ խնդիրներ չի առաջացրել:

Հայկական Ատոմակայանի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը վստահեցրեց, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության այցը գործնական բնույթ ուներ` հայկական փորձը համեմատել միջազգային չափանիշների հետ:

Նա նշեց, որ հայկական ատոմակայանն առաջին անգամն էր ընդունում միջազգային նման պատվիրակություն: «Մենք պարտավորություն ենք վերցրել, որ մոտավորապես 18 ամիս հետո նորից ընդունենք այս պատվիրակությանը, որի նպատակն է լինելու` ստուգելու, թե ինչպես ենք մենք իրագործել նրանց դիտողությունները»,- նշեց Գագիկ Մարկոսյանը:

Նա հավաստիացրեց, որ վաղն արդեն հանձնարարականներ կտա իր աշխատակիցներին, կկազմեն նախագծեր` նշված առաջարկներ ու խորհուրդները կյանքի կոչելու համար:

Ատոմային էներգիայի միջազգային առաքելության ղեկավարի կարծիքով հայկական կողմը Մեծամորի ատոմակայանում պետք է աշխատանքներ տանի հատկապես անվտանգության մոնտաժային համակարգի առումով: Ըստ առաքելության ղեկավար Վամուշ Գաբորի` հայկական ԱԷԿ-ը պետք է սեփական ուժերով գտնի անվտանգության նոր լուծումներ եւ նպաստի, որ անձնակազմը ունենա նորագույն տեխնոլոգիաներ եւ դրանց մասին գիտելիքներ: