Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Ավետիս»-ը Իտալիայում կկատարի Կոմիտասի մանրանվագները (տեսանյութ)

Այսօր ապրիլի 24-ին՝ Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կկայանա «Ավետիս» նորաստեղծ լարային քառյակի ելույթը, նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի և Արվո Պյարտի ստեղծագործությունները։

Լարային քառյակի առաջին ջութակը միջազգային մրցույթների դափնեկիր, բազում հեղինակավոր նվագախմբերի, անվանի մենակատարների ու դիրիժորների հետ հադես եկած ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանն է, մյուս անդամները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտներ են. երկրորդ ջութակը՝ ֆիլհարմոնիկի կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարմեն Թոսունյանը, ալտը՝ ֆիլհարմոնիկի ալտահարների կոնցերտմայստեր Հայկ Տեր-Հովհաննիսյանը և թավջութակը՝ ֆիլհարմոնիկի առաջատար թավջութակահար Միքայել Նավասարդյանը:

 

Անուշ Նիկողոսյանի խոսքով, իրենց նպատակն է ձևավորել միջազգային բարձր չափանիշների համապատասխանող լարային քառյակ, որը կներկայացնի այս ժանրի համար գրված բազմաթիվ ստեղծագործությունները, որոնք ներկայում շատ քիչ են հնչում հայաստանյան համերգասրահներում:

«Մինչ «Ավետիս» քառյակի հիմնադրումը, մենք այս խմբով հաճախ ենք հանդես եկել կամերային երաժշտության ժանրում, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, մասնավորապես հյուրախաղեր են ունեցել Իտալիայի քաղաքներում,- ասում է Անուշ Նիկողոսյանն ու հավելում,– Իսկ երբ այս տարի հրավեր ստացանք մասնակցելու Իտալիայի Մանտովա քաղաքի ամենամյա “Trame Sonore” հեղինակավոր փառատոնին, որտեղ ելույթ են ունենում հեղինակավոր երաժիշտներ,որոշեցինք որ թերևս ժամանակն է պաշտոնապես գրանցվել որպես լարային քառյակ և մեր առաջին համերգը կայացավ մարտի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը իսկ արդեն մայիսին «Ավետիս»-ը Իտալիայում կկատարի Կոմիտասի մանրանվագները»։