Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ոչ ոք չի ուզում որևէ բան քանդել, առավել ևս իշխանությունը։ Մենք ավելի շատ ունենք ինչ-որ բան ստեղծելու ցանկություն. ՀՀ նախագահ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին:

Ողջունելով ներկաներին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանը՝ որպես պետություն չի կարող զարգացում ունենալ առանց գիտության և կրթության։ Սա աքսիոմա է, որի իրականացումն այժմ կատարում է մեր երկրի գործող կառավարությունն ու իշխանությունը։ Մենք ունենք մարդուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որպես գլխավոր ուժ: Չունենք նյութական ռեսուրսներ, հետևաբար մարդը պետք է լինի զարգացած, կրթված և միտված իր երկրին ծառայելուն և նրա համար նոր արժեք ստեղծելուն»։

Հայաստանի նախագահը մեջբերել է մի քանի վիճակագրական տվյալներ՝ ներկայացնելով 2020-2024 թթ պետական բյուջեի ծախսերի համեմատականը: Ըստ այդմ՝ 2020 թվականին ծախը կազմել է 1,9 տրիլիոն դրամ, 2024 թվականի համար նախատեսվում է ծախսել 3,2 տրիլիոն, տոկոսային արտահայտությամբ 24 տոկոս ավելին է նախատեսված: Սրա մեջ՝ 2020 թվականին պետության կողմից գիտության ոլորտի ծախսերի ծավալը կազմել է 13 միլիարդ դրամ, 2024 թվականին՝ նախատեսվում է ծավալը հասցնել 36 միլիարդի։ Եթե գիտության ոլորտի ծախսերը 2020 թվականին կազմել են բյուջեի ընդհանուր ծախսերի 0,7 տոկոսը, ապա 2024 թվականի ցուցանիշը 1,12 տոկոս է։ 2023 թվականի համեմատ՝ ծախսերն ավելացել են 43 տոկոսով, իսկ 2020 թվականի համեմատ՝ 2,7 անգամ։ Կրթության ոլորտի ծախսերի ընդհանուր ծավալը 2020 թվականին կազմել է 144 միլիարդ դրամ, 2024 թվականին կկազմի 288 միլիարդ դրամ։ Բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ կրթության ոլորտի ծախսերը 2020 թվականին կազմել են 7,6 տոկոս, ընթացիկ տարվա համար ցուցանիշը 9 տոկոս է։ Պաշտպանության ծախսեր՝ 2020 թվականին եղել է 308 միլիարդ, 2024 թվականին՝ 557 միլիարդ դրամ:

«Հայաստանի կառավարությունը, իշխանության ներկայացուցիչներն իրենց հիմնական նպատակը, գերխնդիրը համարում են գիտության և կրթության զարգացմանն առավելագույն կերպով նպաստելը։ Այն, ինչ տեղի է ունենում զուտ ակադեմիայի կարգավիճակի հետ կապված քննարկումներում, ապա դրանք պետք է շատ արագ ավարտվեն, քանի որ անորոշությունն իր հերթին բերում է լրացուցիչ խնդիրներ ու լրացուցիչ խոսակցություններ, այլ կարծիքներ, որոնք նպաստավոր չեն թե՛ պետության, թե՛ Ազգային ակադեմիայի համար։ ԳԱԱ-ում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները հուշում են, որ իսկապես տվյալ հաստատությունը փոխվելու մեծ ձգտում ունի, որի հիմնական նպատակը ավելի կիրառական մասնակցություն ունենալն է այսօրվա տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը։

Նախագահի դիտարկմամբ՝ պետության կողմից ֆինանսավորումը մեծանում է հատկապես գիտահետազոտական աշխատանքներին օժանդակելու առումով։

«Ռազմարդյունաբերական համալիրի համար գիտահետազոտական, փորձարարական, կոնստրուկտորական աշխատանքներին հատկացված գումարը կազմում է շուրջ 6 միլիարդ դրամ։ Վերջին 3-4 տարվա ընթացքում նման բան չի եղել, ինչը լրացուցիչ հնարավորություն է, որպեսզի մեծ դաշտ բացվի գիտելիքի համար։ Բայց, ցավոք սրտի, մեր բիզնեսի մասնակցությունն այդ աշխատանքներում շատ ցածր է։ Երբ ուսումնասիրում ենք արտասահմանյան փորձը, տեսնում ենք, որ զարգացած երկրներում գիտահետազոտական աշխատանքների մեջ հիմնական ներդրում անողը հենց բիզնեսն է։ Պետության մասնակցությունը շատ ավելի քիչ է։ Բիզնեսի ակտիվ մասնակցությունը պայմանավորված է խրախուսական տարբեր, հիմնականում տնտեսական մեխանիզմներով։ Ժամանակն է, որպեսզի անդրադառնանք հենց այս հարցին։ Մենք վստահաբար կարող ենք նույնն անել, պարզապես պետք է բիզնեսին ներգրավելու համարձակություն ունենանք։ Ընդ որում, նրան պետք է շահագրգռել, որովհետև բիզնեսը, եթե շահ չունենա, ոչինչ չի անելու, ինչն, ըստ էության, տրամաբանական է և ընդունելի»,- ասել է նախագահ Խաչատուրյանը։

Հանրապետության նախագահի խոսքով՝ եթե բիզնեսի ներկայությունը չլինի կրթության ոլորտում, ապա այդ բնագավառը չի ունենա զարգացման այն տեմպերը և չի արձանագրի այն արդյունքները, ինչ ցանկանում է պետությունը։ «Այն, ինչ կատարվում է գիտական հայտնագործությունների առումով, գոհացուցիչ չի կարող է լինել։ Մենք պետք է կարողանանք դուրս գալ միջազգային շուկաներ, կարողանանք իսկապես մեր գիտելիքն ու գիտական արտադրանքը ներկայանալի դարձնել միջազգային շուկայում։ Անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղից պետք է սկսել այդ գործընթացը։ Կարծում եմ՝ կրթական համակարգից, հետևաբար ավագ դպրոցների ու ինստիտուտների ամբողջ շղթան պետք է վերանայել ու գտնել շահագրգռող նոր մեխանիզմներ, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ ձգտեն զբաղվել գիտությամբ։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որի պայմաններում ամբողջ համակարգը միտված կլինի նախևառաջ բնական գիտելիքներ տալուն և այդ ուղղությամբ բարձրորակ մասնագետներ պատրաստելուն։ Համոզված եմ, որ մեզ կհաջողվի լուծել այդ խնդիրները, պարզապես հիմա տուժում ենք ժամանակի մեջ և, ցավոք, հետ ենք մնում համաշխարհային գիտական փոփոխություններից»,- նշել է ՀՀ նախագահը։

Անդրադառնալով ակադեմիական քաղաք կառուցելու նախաձեռնությանը՝ նախագահն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ճիշտ քայլերի ընտրությունը հնարավոր է հենց նման քննարկումների շնորհիվ։ «Ոչ ոք չի ուզում որևէ բան քանդել, առավել ևս իշխանությունը։ Մենք ավելի շատ ունենք ինչ-որ բան ստեղծելու ցանկություն, ինչն անելու ենք համատեղ ջանքերով։ Եթե իսկապես կան կառուցողական առաջարկներ՝ ակադեմիական քաղաք հիմնելու համար, ապա պետք է միասին անցնենք այդ ճանապարհը։ Ավելորդ աղմուկն ու չհիմնավորված կարծիքների հնչեցումն օգուտ չի տա այս գործընթացին։ Եթե յուրաքանչյուր բուհ կարծում է, որ կարող է գոյատևել ինքնուրույն, ապա պետք է դա ապացուցի իր արդյունավետ գործունեությամբ։ Այդ դեպքում միավորվել-չմիավորվելու հարցը կունենա այլ բնույթի քննարկում։ Բոլոր դեպքերում մենք պետք է կարողանանք դուրս գալ կոմֆորտային վիճակից՝ ավելի առաջ գնալու համար, հետևաբար չարժե ստեղծել ապոկալիպտիկ տրամադրություններ»,- իր խոսքում մասնավորապես ասել է նախագահը:

Ավարտելով խոսքը նախագահն ասել է. «Մաղթում եմ ձեզ ստեղծագործական հաջողություններ, նոր ձեռքբերումներ, որովհետև ձեր նոր ձեռքբերումները մեր պետության հաջողություններ են, զարգացման գրավականը»: