Արաբական վեց օր
1988-ին ֆրանսիացի կինոռեժիսոր Դոմինիկ Դյուբոսկը մեկնում է Պաղեստին փոքրիկ շրջագայության և մեկ ֆիլմ նկարահանելու:
«Կարծում էի շուտ կվերադառնամ, սակայն տասը տարի մնացի և արդյունքում նկարահանեցի շուրջ 40 ֆիլմ»,- այսօր հիշում է ֆիլմերի հեղինակ Դոմինիկ Դյուբոսկը, ով Երեւանում է:
Հունիսի 1-5-ը «Արաբական Գիշերներ» խորագրով ֆիլմերի ցուցադրությունը արդեն երրորդ անգամ կանցկացվի Երևանում: Այն կազմակերպել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և KASSart Production-ը: Փառատոնի ընթացքում երևանյան հանդիսատեսին կներկայացվի մոտ տասը ֆիլմ` եգիպտացի, լիբանանցի, ֆրանսիացի, պաղեստինցի ռեժիսորների կողմից նկարահանված:
Դոմինիկ Դյուբոսկը պաղեստինյան թեմային անդրադառնալը կարևոր է համարում այն առումով, որ այնպիսի երկրներում, ինչպիսին Պաղեստինն է, մարդիկ գտնվում են պատերազմական իրավիճակում, սակայն նրանց մոտ զարգացած է կինոարտադրությունը և այդ միջոցով նրանք իրենց մասին պատմում են աշխարհին:
«Նման կերպ ղարաբաղյան հակամարտության մասին ֆիլմեր նկարելը կօգներ աշխարհին ներկայացնել պատմությունը մշակույթի միջոցով»,-թեմային անդրառադնալով կարևորեց փառատոնի կազմակերպիչ, կինոռեժիսոր Վրեժ Քասունին:
Պարոն Քասունին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ցուցադրության նպատակը հայ հասարակությանը արաբական աշխարհի հետ ծանոթացնելն է և մշակութային երկխոսությունը, որը միայն դրական ազդեցություն է ունենում:
«Նախորդ անգամներում, երբ կազմակերպում էինք ցուցադրություններ դահլիճներում ազատ տեղեր չէին մնում, սա խոսում է այն մասին, որ մարդիկ մեծ ցանկություն ունեն դիտել և տեղեկանալ այդ ժողովրդի մշակույթին»,- ֆիլմերի մասին խոսելիս ասաց Վրեժ Քասունին:
Նման փառատոններ անցկացվում են նաև արաբական աշխարհի երկրներում: Նախորդ տարիներին, Վրեժ Քասունու ասելով, մի շարք ֆիլմեր են ներկայացվել Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում անցկացվող ցուցադրություններին:
Դրանց ընթացքում արաբները նույնպես մեծ հետաքրքրությամբ են շփվում մեր մշակույթի հետ, բացի այդ նաև մեծաքանակ հայեր կան արաբական երկրներում ապրող, որոնց համար նույնպես շատ կարևոր է նման միջոցառումներին մասնակցելը: