«Ամենաթանկագինը թողել եմ Արցախում»․ դստեր մահվանից հետո մայրը շարունակում է նրա գործը (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ին«ՍաԾի» ապրանքանիշի ստեղծման հիմքում ցավալի պատմություն է։
Երևանի պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժշկուհի Սաթենիկ Սաֆարյանն աշխատանքի նվիրյալ էր։ Մտերիմները պատմում են՝ ուրախանում և ոգևորվում էր ամեն մի երեխայի առողջանալով և անչափ տխրում փոքրիկների ծանր հիվանդությամբ։
25-ամյա բժշկուհու հոբբին լուսանկարելն էր։ Առանձնապես՝ անձրևից հետո։ Նա երազում էր աշխարհն ավելի գեղեցիկ ու բարի դարձնելու մասին…
Սակայն նա էլ է դառնում անբուժելի հիվանդության զոհը։
Արցախյան ազատամարտում նահատակված հերոս հրամանատար Սամվել Սաֆարյանի դստեր վիրահատության համար անհրաժեշտ գումարը երկուսուկես օրում հանգանակվեց.
«Աղջիկս ասում էր՝ «կոնկրետ պայքարում եմ», բայց ապարդյուն… Պայքարը պատուհասած ծանր հիվանդության դեմ անարդյունք էր…
Գերմանիայում վիրահատությունից հետո մեզ վերադարձրին 6080 եվրո գումար։ Սաթս ասաց, որ քաղցկեղ ունեցող երեխաներին շատ է պետք այն, և խնդրեց փոխանցել «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին։ Այդպես էլ արեցինք»,- պատմում է Սաթիկի մայրը՝ Նունե Սաֆարյանը։
Կյանքին սիրահարված Սաթիկի լուսանկարներից յուրաքանչյուրը մի խոսուն պատմություն է։ Կարողացել է ներկայացնել կյանքի երկու կողմերը, առավելապես՝ նրա վառ գույները։
«Սաթիկս շատ էր սիրում նկարել՝ մանավանդ անձրևից հետո։ Նրա նկարները հանրաճանաչություն են ստացել հենց անձրևից հետո գոյացած ջրափոսերում տարբեր օբյեկտների արտացոլանքով»,- ասում է տիկին Նունեն։ Ասում է՝ հոգու անդորրը գտել է աղջկա գործը շարունակելու մեջ։
«ՍաԾի» ապրանքանիշից ստացված հասույթն ամբողջությամբ փոխանցվում է բարեգորածական հիմնադրամին։
«Սաթիկից հետո մտածել եմ, որ պետք է շարունակել ապրել նրա լուսանկարներով, ապրեցնել նրա անունը, քանի որ աղջիկս միայն ֆիզիկապես է մեզանից բացակայում։ Ընտանիքս ինձ նեցուկ է ցանկացած հարցում։ Առաջնահերթ որոշել ենք, որ աշակերտական տետրեր ենք տպագրելու, որպեսզի անընդհատություն ունենանք։ Սկսեցինք տպագրել նաև սփռոցների, շարֆերի վրա։ Մտածեցինք այս ձևով շարունակել աղջկաս գործը, իսկ հասույթը փոխանցել «Սիթի օֆ Սմայլ»-ին։ Աղջկաս կյանքը հնարավոր չեղավ փրկել, սակայն ամեն մի փրկված կյանք ինձ համար հաղթանակ է։ Համոզված եմ, որ Սաթիկս շատ գոհ կլիներ նման որոշումից»,- ասում է մայրը։
Ն. Սաֆարյանը դասվար է՝ 37 տարվա մանկավարժական փորձով։ Դասավանդում էր Ստեփանակերտի հ.7 դպրոցում։ Շրջափակման օրերին աշակերտների հետ միասին ցուցահանդես-տոնավաճառ էր կազմակերպել, որպեսզի հիմնադրամի փոխանցումներում դադար չտրվի։
Արցախից Կարմիր խաչի միջոցով 2023-ի ամռանն են եկել Երևան։ Իրենց հետ վերցրել են միայն անհրաժեշտ հագուստ։
«Ավագ աղջիկս հղի էր, առողջական խնդիրներից ելնելով, բժիշկների խորհրդով պիտի ծննդաբերեր Երևանում։ Երբ արդեն հաջողությամբ լույս աշխարհ էր եկել թոռնիկս՝ ուզում էինք հետ վերադառնալ, քանի որ սեպտեմբերին կրկին դպրոց պիտի գնայի։ Սակայն Բաքուն մերժեց հայրենիք վերադառնալու մեր դիմումը, քանի որ թոռնիկս Հայաստանի քաղաքացի է»։
Հայրենիքի կորուստն առավել ծանրացրեց զավակ կորցրած մոր վիշտը։
«Սրբությունների կորուստն ամենասարսափելին է։ Նյութական ամեն ինչ կարող ենք կրկին ձեռք բերել, ամենաթանկագինը թողել եմ Արցախում՝ իմ սրբություններն այնտեղ են։ Հոգեպես դատարկված ենք, սակայն գաղափարը, որ ապրեցնում ենք աղջկաս հիշատակը՝ ինձ ուժ է տալիս շարունակելու պաքարը, անընդհատ նորարարություններ որոնելու։ Մտածում ենք աղջկաս նկարած լուսանկարները տպագրել նաև տեքստիլի վրա, պատրաստել էկո-պայուսակներ ու այնպիսի իրեր, որոնք առավել գործածական են։
Երևանում աշխատանքի եմ անցել Երևանի հ.122 դպրոցում։ Միաժամանակ աշխատում եմ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ տնօրենի անմիջական առաջարկով։ Այստեղ աղջկաս անչափ շատ էին սիրում ու ես մեծ հաճույքով եմ աշխատում»,- ասում է զրուցակիցս։
«ՍաԾի»-ի նպատակն է հույս ու հավատ, նաև՝ անբուժելի հիվանդության դեմ պայքարելու ուժ ու վստահություն ներշնչել փոքրիկներին ու նրանց հարազատներին, որ օրհասական պահին նրանք մենակ չեն իրենց դժվարությունների հետ։
Անահիտ Պետրոսյան