«Արցախում ծնված երազանքս իրականություն եմ դարձնելու Հայաստանում» (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախցի Մարիան 15 տարեկանից զբաղվում էմոմագործությամբ։ Սովորել է ինքնուրույն։ Գաղափարը գործի վերածելու համար հաճախ ինքնուրույն է կաղապարներ պատրաստել։
«Միշտ ուզում էի ունենալ սեփական բիզնեսը։ Տարբեր ոլորտներ եմ ուսումնասիրել, սակայն ոչ մի բան սրտովս չէր։ Մայրս խորհուրդ տվեց զբաղվել մոմագործությամբ։ Գաղափարն ինձ հետաքրքեց։ 2022 թվականի նոյեմբերից զբաղվում եմ մոմագործությամբ։ Ինքնուս եմ սովորել ու անընդհատ ինձ վրա աշխատում եմ»,- պատմում է Մարիան։
Մարիան դեռևս դպրոցական է, սովորում է Երևանի համար 42 դպրոցում։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո մեծ քանակությամբ հումք է թողել տանը։
«Հումք, գույներ, բույրեր, ֆոտոսեսիա անելու համար անհրաժեշտ պարագաներ ու փաթեթներ ունեի, ինչն ահագին ժամանակ կբավականացներ։ Այստեղ ստիպված եղա նորից անհրաժեշտ ապրանքներ գնել, սիրած գործով զբաղվելու ու այն առաջ տանելու համար»,- ասում է երիտասարդ մոմագործը։
«Mommaryy»՝ Մարիայի ապրանքանիշի անվանումն , պատրաստում է անվանական, բուրավետ մոմեր, տարոսիկներ։ Աշխատանքը հիմնականում ձեռագործ է։ Ամենապահանջված Պապիկ-տատիկ մոմը պատրաստելու համար կաղապարն ինքն է պատրաստել Երևանում։
«Արցախում արդեն բավականին ճանաչված էր իմ բրենդը։ Նույնիսկ խանութ բացելու համար անհրաժեշտ տարածք էի նախատեսել։ Այստեղ ստիպված եղա զրոյից սկսել։ Մասնակցում եմ տարբեր ցուցահանդեսների, տոնավաճառների, ուսումնասիրում եմ մարկետինգը, ՍՄՄ, ինչը մեծապես օգնում է բիզնեսն առաջ տանելու համար։ Դժվարությունները փորձում եմ հաղթահարել, եթե ունեմ նպատակ՝ ճանաչում ձեռք բերելու և հետագայում նաև խանութ բացելու համար։ Արցախում դա իմ ամենամեծ նպատակն էր ու այստեղ ես դա իրականություն եմ դարձնելու»,- ասում է Մարիան։
Անահիտ Պետրոսյան