Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսվարողները տուգանվեցին (տեսանյութ)

Տնտեսություն
806b0af446a455940f76e33daf4941f1

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց օրենքի խախտման համար բեռնափոխադրող 4 ընկերությունների հանդեպ կիրառել տուգանք: Հանձնաժողվի որոշմամբ` «Չորս ընկեր» կազմակերպությունը կտուգանվի 55 մլն դրամով, «ՍՕՀՕ» ընկերությունը` 30 մլն դրամով, «Պրոֆ իմպրոտեքսը»` 10 մլն դրամի չափով, իսկ «Նանիս» ընկերությունը` 5 մլն դրամով:

Այս 4 տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար առևտրականներից գանձվող վճարի չափը, ինչի պատճառով էլ մի շարք առևտրականներ բողոքի ցույցեր էին կազմակերպում:

«Նրանք նշում էին, որ գների բարձրացումը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ, պահեստների վարձավճարների, տրանպորտային ծախսերի ավելացմամբ, նշում էին նաև մի շարք ռիսկային գործոններ, որ ավելացել են Վրաստանի ճանապարհին և այլն»,-նշեց Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Հանձնաժողովն ուսումնասիրության արդյունքում եզրակացրել է, որ
որևէ օբյեկտիվ փոփոխություն տեղի չի ունեցել, ինչը կարող էր բերել այս տնտեսվարող սուբյեկտների մատուցած ծառայությունների գների աճին: Ըստ հանձնաժողովի ուսումնասիրության` Թուրքիայից ներկրվող ապրանքի 1 կգ-ի համար առևտրականներից գանձվող գումարը 4 դոլարից դարձել է 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեմքում` 7 դոլարի փոխարեն` 14 դոլար:

«Մեր եզրահանգումն այն է, որ նրանք առիթից օգտվել են, որ դաշտն ամբողջությամբ գտնվում է իրենց ձեռքում, վերահսկվում է իրենց կողմից, պայմանավորվել, եկել են համաձայնության և միաժամանակ բարձրացրել են գները»,-ավելացրեց Արտակ Շաբոյանը:

Նիստի ընթացքում տնտեսվարողները փորձում էին արդարանալ, որ իրենք բեռնափոխադրող ընկերություններ չեն, այլ` ներկրող ու մատակարարող, սակայն Արտակ Շաբոյանն անընդհատ դիմում էր նրանց, որպեսզի նիստը չվերածեն շոուի:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման համաձայն` տնտեսվարողները պետք է տասնօրյա ժամկետում ներկայացնեն տուգանքի վճարումը հավաստող տեղեկանք: