Բացել լրահոսը Փակել լրահոսը
11dd3e53-4653-4574-8a0b-c6444808c707 (1)
A A
Հասարակություն

Արցախի «Լուսարար» թերթը սկսել է լույս տեսնել Երևանում

«Լուսարար» թերթը Արցախի միակ պարբերականն է, որն Արցախի հայաթափումից  հետո սկսել է լույս տեսնել Երևանում: Այն  շուրջ 23 տարի եղել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության պաշտոնաթերթը, իսկ այժմ վերահրատարակվում է տարեսկզբին պետական գրանցում ստացած «Լուսարար» կրթամշակութային հասարակական կազմակերպության միջոցով:

«Հույս ունենք, որ դա ժամանակավոր է, և ոչ հեռու ապագայում «Լուսարարը» նորից կտպագրվի Ստեփանակերտում՝ նախկին կարգավիճակով»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է թերթի խմբագիր Սվետլանա Խաչատրյանը:

 «Նախաձեռնելով «Լուսարար»-ի վերահրատարակումը Երևանում՝ մենք նպատակ ենք ունեցել պահպանել այն լավագույն ավանդույթները, որոնք ձեռք են բերվել խմբագրակազմի ու թղթակցային ակտիվի համատեղ ջանքերով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում ունեցած նվաճումները, իսկ դրանք բավականին շատ են եղել Արցախում, լայնորեն լուսաբանվել են թերթի էջերում: Այդ ձեռքբերումները մոռացության մատնելու իրավունքը մենք չունենք: Մեր նպատակն է նաև համախմբել  իրենց մասնագիտական ոլորտում գործունեություն իրականացնող արցախցի անվանի ուսուցիչներին, արվեստագետներին, մարզիկներին, գիտական աշխարհի ներկայացուցիչներին, արձագանքել նրանց բարձրացրած հարցերին և, անշուշտ, արթուն պահել չկորսված հայրենիքի հանդեպ սերն ու վերադարձի հավատը»,- նշեց թերթի խմբագիրը:

 «Լուսարար»-ն ունի նաև կայքէջ և ֆեյսբուքյան էջ:

«Դժվար առաքելություն ենք ստանձնում, հարկավ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ խմբագրակազմը փոքր է, անելիքները՝ շատ, էլ չենք խոսում նյութական փոխհատուցման սակավությունից»,- ասում է զրուցակիցս: 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ