«Նախարարն իր պատճառներն է ունեցել» (տեսանյութ)
Եթե Արդարադատության նախարարությունում շատ գոհ լինեին Մարիամ Գաբոյանի աշխատանքից, նոտարիատի բաժինը կմնար իր կազմով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո «Ա1+»-ին ասաց ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը` անդրադառնալով նախարարության բոլորովին վերջերս լուծարված նոտարիատի բաժնի աշխատանքներին ու նրա արդեն նախկին պետ Մարիամ Գաբոյանի գործունեությանը:
Մայիսի 19-ին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լուծարել է ԱՆ նոտարիատի բաժինը, իսկ Մարիամ Գաբոյանն ու նրա 2 աշխատակիցները ուղարկվել էին կադրերի կարճաժամկետ ռեզերվ:
Արդյո՞ք Մարիամ Գաբոյանը հետ կկանչվի նախարարություն համապատասխան աշխատանքի: Ըստ պարոն Մուրադյանի` դա կորոշեն հետագայում, եթե գտնեն, որ նա իբրեւ վերահսկող կամ այլ ստորաբաժանման աշխատող` պիտանի է. «Միգուցե որոշակի լուծումներ կլինեն: Ուզում եմ ասել, որ սա անձնավորված խնդիր չէ, այլ բարեփոխումների արդյունք»:
Իսկ թե ինչո՞ւ նախարար Թովմասյանը չի ընդունել Մարիամ Գաբոյանին ու լսել նրա պատճառաբանությունները, Գրիգոր Մուրադյանը նշեց. «Նախարարն, անշուշտ, իր պատճառներն է ունեցել նրան չընդունելու համար»:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալն այսօր կառավարության նիստին ներկայացրեց նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու մասին որոշման նախագիծը, որի նպատակն է, ըստ նրա` բարեփոխելու նոտարի կողմից սահմանված սակագների չափերն ու գանձման կարգը` հաշվի առնելով տվյալ գործարքի բարդությունն ու նոտարի պատասխանատվությունը: Գրիգոր Մուրադյանի ասելով` գործող օրենսդրությամբ նշված սակագների ցանկը շատ ընդհանրական է, որը բացառում է կոնկրետ ծառայության համար հստակ գումար գանձելու հնարավորությունը:
Նա խոստացավ, որ սակագների փոփոխություն չի լինի եւ դրանց ցանկը կփակցվի գրասենյակներում` բոլորին տեսանելի վայրերում: «Մի փոքր համբերություն, եւ ես երաշխավորում եմ, որ նոտարիատի գործունեությունը եւս կբարելավվի»,- վստահեցրեց նա:
Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ որոշման այս նախագիծը նոտարական ծառայությունների որակը բարձրացնելուն ուղղված քայլերից մեկն է: «Ցավով պետք է նշեմ, որ մեր մոնիթորինգի արդյունքները գոհունակության տեղիք չեն տալիս` նոտարի ծառայություններից մեր քաղաքացիները դժգոհ են, եւ այդ իրավիճակը պետք է շտկել հնարավորին չափ կարճ ժամկետում»,- ընդգծեց վարչապետն` ավելացնելով, որ մոնիթորինգի արդյունքում արդեն էական բարելավումներ են նկատվել կադաստրի աշխատանքներում, նույնն էլ ակնկալվում է նոտարական գրասենյակներից:
ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ կառավարության հաստատմանը ներկայացրեց տրանսպորտային միջոցների հաշվառման ընթացակարգը` առաջարկելով պարզեցնել այն` կրճատելով հաշվառման գործողությունների տեւողությունը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ` վերանայել տարանցիկ պետհամարանիշների համար պետական տուրք վճարելու անհրաժեշտությունը: «Ընդամենը կես ժամվա ընթացքում մեքենան կկանգնի հաշվառման: Կարծում ենք` այս խնդիրը ժողովրդի քննարկման թեմայից դուրս կգա այլեւս»,- վստահեցրեց ոստիկանապետը: