Բացել լրահոսը Փակել լրահոսը
e30b8c60-823a-4e84-8110-1f26c747d2a0
A A
Հասարակություն

Ուր էլ ապրեմ, իմ սիրտն ու միտքը Սզնեքում է լինելու. արցախցի մտավորական

«44-օրյա պատերազմից հետո, չնայած ռուս-խաղաղապահների ներկայությանը, Արցախում կայուն խաղաղության մասին խոսելն անհեթեթություն էր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Շահեն Մարգարյանը։

«Մեր տունն ու գյուղի հենակետը նույն հորիզոնի վրա էին գտնվում՝ 400 մետր հեռավորությամբ։ Երբ սկսվեց հրետակոծությունը, ես ու կինս տանն էինք։ Քարակերտ տունը դղրդում էր թշնամու հուժկու հարվածներից։ Դիրքերը կրակի տակ էին առնված և՛ ցամաքից, և՛ օդից։ Պատերազմ էր. ամենադաժան ու կոշտ ձևով՝ Արցախը հայաթափելու ռազմական հանցագործություն»,- հիշում է Ասկերանի շրջանի Ներքին Սզնեքի համայնքի նախկին ղեկավարը։

Ինչպես պատմում է պարոն Մարգարյանը, մարտաֆիլմ հիշեցնող իրականություն էր, որի գործողություններն այնքան արագ էին ընթանում, որ մտածելու ժամանակ անգամ չկար։ Կապն անջատված էր, տղաները գործում էին պահի թելադրանքով։ Գյուղի աշխարհազորայինները մարտնչելով հետ էին նահանջում՝ ուժերն անհավասար էին։ Մտածում էին՝ գոնե գյուղացիներին հասնեն և կարողանան ապահովեն նրանց անվտանգությունը։

«20-30 մետր հեռավորությունից տղաների բղավոցների ձայներն էինք լսում տնից, ովքեր ուզում էին հասկացնել, որ գյուղում մնալն արդեն մահաբեր է։ Վայրկյանների հարց էր, քանի որ տունն արդեն թշնամու ուղիղ նշանառության տակ էր»,- կարոտը խեղդելով՝ ասում է Շահեն Մարգարյանը։

Ամուսիններն անգամ չհասցրեցին անհրաժեշտ իրեր վերցնել…  Կարևորը, ասում է, իրենց աչքերով տեսան, որ դիրքերից տղաները ողջ-առողջ գյուղ հասան։ Համայնքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանի գլխավորությամբ գյուղի պաշտպանությամբ զբաղված տղաներից երեք հոգի ստանձնեցին բնակիչների անվտանգ տարհանման պարտավորությունը հարևան Խաչմաչ գյուղ։ Թե ինչպես են հասել Խաչմաչ, ու առավել ևս ինչպես են փրկվել մահվան ճիրաններից, սզնեքցի մտավորականը դժվարանում է պատասխանել։ Զինադադարից հետո պարզվեց, որ մի քանի սզնեքցի մնացել են Խաչմաչում, որտեղ էլ գերեվարվել են: Երկու հոգի վերադարձել են, իսկ համագյուղացի, վաստակաշատ մանկավարժ Արտյուշա Միքայելյանին անտառում մահացած են գտել։

Մեկօրյա պատերազմում սզնեքցի չորս աշխարհազորային է գերեվարվել, որոնց հետ կարողացել են կապ հաստատել, իսկ երկու հոգու ճակատագիր դեռևս անհայտ է մնում։

Շահեն Մարգարյանը ոչ մի կերպ չի հաշտվում իրականության հետ։ Ասում է՝ ուր էլ ապրեմ՝ իմ սիրտն ու միտքը Սզնեքում է լինելու։

Անահիտ Պետրոսյան