Բացել լրահոսը Փակել լրահոսը
431180838_408962841819822_6562332721299562693_n
A A
Հասարակություն

Որտեղ էլ ապրենք, մեր սիրտը Եռաբլուրում է. զոհված զինծառայողի հայր

«Այսուհետ գոնե պատերազմ չլինի, խաղաղություն հաստատվի մեր երկրում, մնացած ջահելներն ապրեն, արարեն Հայաստանում։ Այլ տեղ գնալու մտադրություն չունենք, փորձում ենք նոր իրականության մեջ գոյատևելու ուղիներ փնտրել»,- «Ա1+»-ի հետ զրույցում  ասում է զոհված զինծառայող Արսեն Առստամյանի հայր Էռնեստ Առստամյանը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ժամկետային զինծառայող Արսեն Առստամյանն ու նրա հորաքրոջ որդին՝ հատուկջոկատային սպա Տիգրան Ավանեսյանը թշնամու դեմ մարտչում էին տարբեր ուղղություններում…

«Թե ինչ վիճակում ենք լքել Արցախը, Աստված գիտե... Մի կողմից տղայիս և քրոջս որդու կորստյան անտանելի վիշտը, մյուս կողմից հայրենիքից հարկադրաբար հեռանալը բթացրել էր ուղեղս»։

Հասել են Գորիս ու սպասել, թե երբ են տղաների աճյունները բերելու։ Եղբայրներին կողք-կողքի հուղարկավորել են Եռաբլուրում։

Էռնեստ Առստամյանի ծնողները Խորհրդային Ադրբեջանում հայկական համատարած ջարդերից 90-ականներին մազապուրծ փախել՝ հաստատվել են Ասկերանում։ Զինվորական ծառայության ընթացքում Էռնեստը երկրորդ կարգի հաշմանդամություն է ձեռքբերել՝ պայթել է թշնամու ականի վրա, կորցել ոտքը։

«20 տարվա աշխատանքն ու ունեցածս ջուրն է լցվել։ Չարչարվել ենք ընտանիքով, Արսենս 13 տարեկանից որպես տղամարդ ինձ ամեն հարցում օգնում էր, քանի որ առողջական վիճակս հաճախ չէր ներում երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնամ։ Մի քանի տարի առաջ եմ կարողացել տուն գնել, վարձով էինք ապրում։ Ունեցվածքի մասին չեմ էլ մտածում։ Ամենավատը մարդկային կորուստն է, ծնողներիս գերեզմանը, որ մնացել է թշնամու օկուպացրած տարածքում։ Մեր տունը հիմա Եռաբլուրն է»,-ասում է վշտացած հայրը։

Մայր հայրենիքն իրենց սրտաբաց է ընդունել, ընկերներն օգնության ձեռք են մեկնել, օգնել ինչով կարողացել են՝ ասում է զրուցակիցս։

«Երկու անգամ տուն ենք փոխել։ Բնակվարձերը շատ բարձր են։ Տարածք ենք վարձակալել, փորձել առևտրով զբաղվել, քանի որ Ասկերանում էլ էինք նույն գործունեությամբ զբաղվում՝ փորձեցինք այստեղ ևս մի բանով զբաղվել։ Առաջին փորձն անհաջող ստացվեց, վնասով դուրս եկանք։ Տեղանքը հարմար չէր։ Սակայն չհանձնվեցինք, նոր տարածք վարձակալեցինք ու չնայած բարձր վարձավճարին՝ աշխատում ենք։ Աշխատանքը նաև տնից,  իրականությունից փախուստ է, քանի որ անասելի ծանր է տեսնել որդեկորույս քրոջս՝ Ռուզաննայի  ու կնոջս՝ Մարգարիտայի տառապանքները», - ասում է Էռնեստ Առստամյանը։ 

Ընտանիքները միասին են ապրում, հոգ տանում միմյանց հանդեպ: Օրերս տղաների հրամանատարներն են այցելել իրենց՝ հանձնել պետական պարգևներ, պատմել «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Տիգրան Ավանեսյան և «Արիության համար» մեդալակիր Արսեն Առստամյան  հերոսների անձնվիրության մասին, ովքեր մինչև վերջ մարտնչել են՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն:

«Մեզ մեր տղաներն են պետք՝ ողջ և առողջ, բայց ի՞նչ արած։ Տասնյակ տարիներով հայը չկարողացավ առանց տառապանքի, առանց կորուստի ապրել։ Հայրենիքի պաշտպանությունը միշտ էլ զոհեր է պահանջել։ Չափազանց ուշ է մեղավորներ փնտրելու համար, բոլորս էլ մեղավոր ենք։ Գոնե այսքանից հետո խաղաղություն հաստատվի, էլ պատերազմ չլինի, մեղք են մեր ջահելները», - որդեկորույս ծնողի միակ ցանկությունն է։

Անահիտ Պետրոսյան