Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arman Tatoyan
A A
Պաշտոնական

Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը․

Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ:
 
Սա անօրինական, միջազգային կանոններին հակասող գործընթաց է` մեր իրավունքների զանգվածային խախտումների և խաթարված անվտանգության հեռանկարով: Ադրբեջանն էլ այդքանով կանգ չի առնելու:
 
Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ, որը բերելու է համայնքների մեկուսացման, միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ դառնալու են անօգտագործելի ու վտանգված, իսկ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն լրացնելու բացը: Վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը:
 
Ռազմավարական օբյեկտներ (գազատարներ, ջրային ռեսուրսներ և այլն) հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո:
 
Լինելու են նոր տեղահանվածներ, մարդիկ զրկվելու են ազատ ու անվտանգ տեղաշարժվելու, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից, անօգտագործելի են դառնալու արոտավայրեր, խոտհարքներ ու վարելահողեր, այգիներ, խաթարված է լինելու մարդկանց արժանապատվությունն ուհոգեկան անդորրը:
 
Այսինքն` տեղի է ունենալու այն, ինչ առկա է Սյունիքում, Վայոց ձորում ու Գեղարքունիքում` անվտանգության ընդգծված ռազմավարական խնդիրներով: Էլ չեմ խոսում համայնքների հարևանությամբ պարբերական դարձած ադրբեջանական կրանոցների ու ականների պայթյունների մասին:
 
2020թ. նոյեմբերից սկսած` բոլոր հնարավոր եղանակներով անընդհատ ասել եմ, որ անվտանգությունը չի կարելի առանձնացնել մարդուց, որ մարդու իրավունքները պետք է դրվեն Հայաստանի դիվանագիտության, բոլոր միջազգային հարթակներում քննարկումների հիմքում: Սա կօգներ ամրապնդել Հայաստանի միջազգային պաշտպանությունը, այդ թվում` պետական սահմանները պաշտպանելով:
 
Ներկայում տեղի ունեցողն արդյունք է կոպիտ սխալներով քաղաքականության, որը միայն ուժեղացրել է ու շարունակում է ուժեղացնել Ադրբեջանին և թուլացրել Հայաստանի դիրքերը: