Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը հոգնել է
Շոտլանդական «Սելթիկի» իռլանդացի հարձակվող Էնտոնի Ստոուքսը հրաժարվել է մասնակցել իր երկրի ազգային թիմի առաջիկա խաղերին` պատճառաբանել է, որ ինքը հոգնած է: Այդ լուրը զայրացրել է Իռլանդիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնիին, որը խստորեն քննադատել է երիտասարդ ֆուտբոլիստին:
«Ես այդ հարցը քննարկել եմ թիմի բժիշկների հետ: Ըստ նրանց երիտասարդ խաղացողների համար ֆուտբոլը ոչ թե աշխատանք է, այլ` զվարճանք: Մեր ժամանակներին ֆուտբոլիստները տարեկան անցկացնում էին մոտ 70 խաղ: Մենք պետք է խելքի բերենք մեր երիտասարդ ֆուտբոլիստներին: Նրանց բախտը բերել է, որ ֆուտբոլ են խաղում» - ասել է 72-ամյա մարզիչը:
Իռլանդիայի հավաքականը, որը Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի ընտրանու մրցակիցներից է, առաջիկա երկու շաբաթում անցկացնելու է 4 հանդիպում: Մայիսի 24-ին եւ 25-ին Տրապատոնիի սաները «Կառլինգի ազգերի գավաթի» խաղարկության շրջանակում մրցելու են Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի ազգային թիմերի հետ: Հունիսի 4-ին իռլանդացիները մրցակցի հարկի տակ ուժերը կչափեն Մակեդոնիայի ընտրանու հետ, իսկ 4 օր անց չեզոք դաշտում կհանդիպեն Իտալիայի հետ:
Իտալացի մասնագետն առաջին երկու հանդիպումներին ստիպված ներգրավել է երիտասարդ խաղացողների, քանի որ առանցքային շատ ֆուտբոլիստներ իրենց թիմերի կազմերում պատրաստվում են կարեւոր հանդիպումների: Օրինակ, Ջոն Օ'Շին եւ Դարեն Գիբսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում այժմ պատրաստվում են չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը: