Արցախցիներին սոցիալական աջակցությունների ծրագրի դադարեցումը կարագացնի արտագաղթը․ Համլետ Ապրեսյան
Աջակցիր «Ա1+»-ին«Արցախցիների արտագաղթի հիմնական պատճառներն աշխատանքի բացակայությունն ու բարձր բնակվարձերն են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Ասկերանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Համլետ Ապրեսյանը։
Նրա խոսքով՝ շրջանից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ պատրաստվում են լքել Հայաստանը ուսումնական տարվա ավարտին։
«Մեր հայրենակիցների զբաղվածությունը շատ սահմանափակ է։ Տղամարդիկ հիմնականում տաքսու վարորդի և բանվորական աշխատանք են իրականացնում, կանայք փորձում են իրենց հմտությունները գործի դնելով վաստակել ընտանիքի օրվա հացը՝ ժենգյալով հաց են թխում, քաղցրեղեն։ Ցավով պիտի նշեմ, որ ունենք երրորդ երկրներ արտագաղթած բնակիչներ, որոնց երեխաները դեռևս չեն կարողանում դպրոց հաճախել»։
Ասկերանի շրջանը 18 հազար բնակիչ ուներ, 14 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հող։
«Շրջանի բնակիչների հիմնական զբաղմունքն ու հազարավոր ընտանիքների եկամտի գլխավոր աղբյուրը գյուղատնտեսությունն էր։ Այժմ նրանք զրկված են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելուց մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Գլխավոր պատճառներից է հողի իրավունքի հարցը»,- ասում է շրջանի նախկին ղեկավարը։
Համլետ Ապրեսյանի մտահոգություններից մեկն էլ այն է, որ բավականին հաջողած մենատնտեսներ ուներ շրջանը, որոնք այսօր կանգնած են լուրջ խնդիրների առաջ։
«Գրավի առարկայի առկայության պարագայում նրանք կկարողանային վարկավորման կամ փոխառության միջոցների ներգրավման հաշվին կրկին ոտքի կանգնել և հույսները չդնել կառավարության կողմից տրամադրվող աջակցությունների վրա։ Գյուղատնտեսությամբ զբաղվելու համար նպաստավոր տարածքները հիմնականում զբաղեցված են, իսկ վարձակալությունը՝ թանկ ու արցախցիների համար տնտեսապես ոչ նպատակահարմար։ Չնայած այդ ամենին՝ մենք ունենք նախադեպ, երբ ընտանիքը Ասկերանում զբաղվում էր ջերմոցային տնտեսությամբ ու այստեղ էլ շարունակում է զարգացնել գյուղատնտեսության այդ ճյուղը՝ իհարկե ոչ առանց բարի կամքի տեր մարդկանց»։
Ասկերանի շրջանը գյուղատնտեսական մեծ պոտենցիալ ուներ։ Արցախի լիակատար շրջափակման պայմաններում՝ վերջին երեք ամիսներին կարողացել է հացով ու բանջարեղենով ապահովել շրջանն ու Ստեփանակերտի զգալի մասը։
«Սոցիալական աջակցությունների ծրագրի դադարեցումը հազարավոր ընտանիքների լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու։ Իհարկե, մենք գնահատում ենք ՀՀ կառավարության, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և առանձին բարեգործական ընկերությունների կողմից իրականացվող միջոցառումները՝ ուղղված մեր հայրենակիցների սոցիալական և բարոյահոգեբանական խնդիրները մեղմելուն։ Սակայն դրանք բավարար չեն բազմաթիվ հիմնախնդիրների առաջ կանգնած քաղաքացիների կյանքը բնականոն հուն տեղափոխելու համար»,- մտահոգություն հայտնեց Հ. Ապրեսյանը։
Նա նշեց նաև, որ շրջանի 42 համայնքների ղեկավարների հետ մշտական կապը պահպանվում է։
Անահիտ Պետրոսյան