Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (1)
A A
Պաշտոնական

Արդարադատության նախարարն ու Եվրախորհրդարանի պատգամավորը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում լայնածավալ բարեփոխումները

Արդարադատության նախարարն ու Եվրախորհրդարանի պատգամավորը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում լայնածավալ բարեփոխումները

 

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ Բեռնար Գետտայի հետ։ Գրիգոր Մինասյանը նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարությունը գրանցել է հաջողություններ, որոնք հնարավոր չէին լինի առանց ԵՄ աջակցության ու փոխգործակցության, որն իրականացվում է տարբեր ձևաչափերով, ներառյալ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերը։ Նախարարն ընդգծել է յուրաքանչյուր տարի անցկացվող ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների հարցերով երկխոսության նիստերի կարևորությունը՝ որպես ոլորտային բարեփոխումների շուրջ ծավալուն քննարկումների կարևոր հարթակ։ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարական մոտեցումները, որոնք ամրագրվել են Կառավարության կողմից ընդունված ՄԻՊ ազգային ռազմավարությամբ և դրանից բխող 2023-2025թթ. Գործողությունների ծրագրով: Նախարարն ընդգծել է, որ ոլորտային քաղաքականությունն իրականացվում է զարգացման գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությամբ, ովքեր հանդիսանում են գործողությունների ծրագիրը համակարգող խորհրդի անդամներ ու իրականացնում են ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը։ Գրիգոր Մինասյանը կարևորել է նաև նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը, որոնցով ներդրվել

են արդար դատաքննության իրավունքի եվրոպական լավագույն չափանիշները: Նախարարը հատուկ շեշտել է 2023 թվականի հունվարի 1-ից գործող այլընտրանքային խափանման նոր միջոցների՝ տնային կալանքի և վարչական հսկողության ներդնումը, որպես անձնական ազատության իրավունքի պաշտպանության կարևորագույն երաշխիք, և նշել է, որ նշված միջոցները կիրառվել են շուրջ երեսուն տոկոս դեպքերով։

Անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնց շրջանակում իրականացվել են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների և տեխնիկական զինման զգալի աշխատանքներ։ Քննարկվել է եվրոպական ստանդարտներով նախագծվող նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման ծրագիրը։ Նախարարը նշել է 2023 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի կարևորությունը, որով հստակ դիրքորոշում էր արտահայտվում Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման և Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող՝ միջազգային իրավունքի այլ խախտումների վերաբերյալ և շնորհակալություն հայտնել հանձնակատարին` նշված բանաձևի ընդունման հարցում անձնական ներդրման համար։

Բեռնար Գետտան բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն ուղղված մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտների բարեփոխումների իրականացմանը և կարևորել դրանց շարունակականությունը՝ եվրոպական մոնիթորինգային մարմինների կողմից տրամադրված առաջարկությունների հասցեագրման տրամաբանությամբ։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանգծման գործընթացի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը՝ ի նպաստ Հայաստանում ժողովրավարության և մարդու իրավունքների պաշտպանության շարունակակական կատարելագործման: