Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Պաշտոնական

Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի անօրինական շինությունների քանդմանը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի անօրինական շինությունների քանդմանը.

 

«Սիրելի երևանցիներ,

կարծում ենք՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն:

Մեզ համար համայնքային և երևանցու շահը գերիշխող է, և այդ ճանապարհից շեղումներ չեն լինելու, հատկապես, որ ազատված տարածքներում նախատեսում ենք կանաչապատման ծավալուն աշխատանքներ իրականացնել:

Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:

Նաև տեղյակ ենք, որ հասցեներից մեկում փաստացի բնակվող ընտանիք կա: Համայնքը քննարկումների արդյունքում կդիտարկի տվյալ ընտանիքին ժամանակավոր կացարանով ապահովելու հնարավորությունը:

Մյուս բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմում են տեղում գտնվող ոլորտի պատասխանատուներին՝ շինությունների գույքը հանելու խնդրանքով՝ պատրաստակամ ենք աջակցել գործընթացին»:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն