Բացել լրահոսը Փակել լրահոսը
1130828
A A
Հասարակություն

Ավինյանն ու Իմանբաևը հանդիպման ընթացքում անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համաձայնագրի ստորագրմանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին: 

Առանձնակի կարևորելով գործընկերային հարաբերությունների զարգացումը նաև քաղաքների մակարդակում՝ Տիգրան Ավինյանը նկատել է, որ ստորագրվող փաստաթուղթն իր հերթին հնարավորություն կտա գործելու ի բարօրություն երկու քաղաքների ու ժողովուրդների:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին: Դեսպանն անդրադարձել է նաև մի շարք ընկերությունների գործունեությանը, որը կարող է հետաքրքրել Երևանին: