A
A
Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց եւ ավարտեց սպորտային կարիերան՝ համբուրելով ծանրաձողը (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող առաջնության 87 կգ քաշայինների պայքարում Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Հայ մարզուհին պոկում վարժությունում ևս նվաճել է փոքր բրոնզե մեդալը, իսկ հրում վարժությունում բավարարվել է 5-րդ տեղով:
36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը հրում վարժության իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկները, համբուրել ծանրաձողն ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ակնարկելով կարիերան ավարտելու մասին։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ (103+124) արդյունքով երկամարտում ցույց է տվել չորրորդ արդյունքը։
Այսօր ավելի վաղ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ է դուրս եկել Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը: Վերջինս առաջին մոտեցման ժամանակ ձախ արմունկի վնասվածք է ստացել և լքել պայքարը։